ՀՀ վարչապետի թույլտվությամբ 2018 թվականից տրվել է 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը՝ պետական ծառայողներ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
ԱԳՆ խոսնակը սակայն անուններ չտվեց՝ հղում անելով օրենքին, ըստ որի՝ չի թույլատրվում հրապարակել անձնական տվյալներ։
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր։ Ֆեյսբուքյան իր էջում նման տվյալ է հրապարակել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ու մանրամասնել, որ այն իր մեջ ներառում է նաև ՀՀ դիվանագետների՝ նշված ժամանակահատվածում դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտվելու կապակցությամբ տրամադրված նոր անձնագրերի քանակը։
«Վերոնշյալ անձանցից 764-ին դիվանագիտական անձնագիրը տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք)»»,-նշել է նախարարության խոսնակը։
Աննա Նաղդալյանի հրապարակած տվյալների համաձայն, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր (ընդ որում օրենքում անհատապես չնշված, բայց բոլոր դեպքերում պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով):
«Ի դեպ՝ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավել տոկոսով նվազ է: Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ։ 2018թ. մայիսից մինչ օրս ԱԳՆ-ն, ղեկավարվելով 50-րդ հոդվածով, 425 դիվանագիտական անձնագիր հայտարարել է անվավեր»,-գրառման մեջ նշել է Նաղդալյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը