Օրվա կառավարության ներկայացուցիչներից, եթե վարչապետ Փաշինյանին ու առողջապահության նախարարին չհաշվենք, ամենից պոպուլյարը թերևս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է:
«Գիտելիքի օրվա» առթիվ նրա հայտարարությունն էր տարածվել, մասնավորապես առ այն, որ այս տարի սեպտեմբերի 1-ն ամսի 14-ին է լինելու: Նա նաև մանկավարժներին է շնորհակալություն հայտնել, աշակերտներին էլ հորդորել է որդեգրել պատասխանատու կեցվածք, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները...
Հաշվի առնելով, թե ինչ պահանջներ են առաջադրել, վախենամ՝ հորդորելը բավարար չլինի: Ամեն պարագայում, Արայիկ Հարությունյանը շնորհակալ է ուսուցիչներից: Անկեղծ ասած, մեզանից շատերն էլ ուսուցիչներին շնորհակալությամբ դիմելու առիթ ունեն: Մինչդեռ ամենևին վստահ չեմ, որ նույնը կարող են ուսուցիչներն ու հանրության մեծամասնությունն ասել նախարարին: Նկատի ունեմ շնորհակալություն: Ավելին, ինչ-որ բան հուշում է, որ շատերը շնորհակալության փոխարեն բոլորովին այլ բաներ են ասում, որոնց մի մասը հրապարակման մեջ մեջբերել ամենևին չարժե:
Սեպտեմբերի 1-ի հետմիջօրեին, օրինակ, Հանրապետության հրապարակում մի քանի պտույտ գործեց մեքենաների շարասյունը, որոնցից մեկին հարմարեցված բարձրախոսով հնչեցվում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը՝ մի շարք պատճառներով: Մեքենայի թափքում էլ աղբարկղ էր զետեղված, որի միջից հառնում էր ԿԳՄՍ նախարարի ստվարաթղթե մեծադիր պատկերը...
Առհասարակ, շնորհակալությունը լավ բան է: Իսկ եթե նախարարի խոսքում այն լրացվեր նաև ուսուցիչների աշխատավարձերը, ասենք, մի 50 տոկոսով բարձրացնելու մասին հայտարարույթամբ, ապա շատ ավելի գնահատելի կլիներ:
Ինչ վերաբերում է կոնկրետ նախարարին, ապա նրա ձեռքբերումներն իսկապես էլ բազմաթիվ են:
Կարելի է հիշեցնել, օրինակ հանրակրթական չարաբաստիկ չափորոշիչների մասին: Այն, որ ամռանը շատերին նյարդայնացրեցին ու վրդովմունքի առիթ տվեցին:
Իսկապես, «թավշյա» նվաճում են այդ չափորոշիչները, լինի՝ հայ գրականության հետ կապված, թե Հայոց պատմության:
Մյուս անվիճելի «ձեռքբերումը», ինչ խոսք, ընդունելության քննությունների հարցն էր, ավելի ճիշտ, այդ քննությունները հանրագումարում «բոլոլայի» վերածելու հարցը: Օրեր շարունակ հանրապետության ներքին կյանքի գլխավոր իրադարձության առիթ տալը հեշտ բան չէ: Արայիկ Հարությունյանը այդ խնդիրը «կարգավորեց»: Տասնյակ ու տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր դիմորդների, ծնողների հետ, այլ տարբերակ չունեին՝ իրենց բողոքը ցույցերի միջոցով արտահայտելուց բացի:
Հաջորդ խոշոր «ձեռքբերումը», որ պետք է դեռ դրսևորվի, իհարկե, սեպտեմբերի 14-ից դպրոցներում մեկնարկող ուսումնական տարվա «հակահամաճարակային» կանոններն ու պահանջներն են: Թե դրանից ինչ դուրս կգա իրականում, կապրենք՝ կտեսնենք: Սակայն հիմա էլ շատերին պարզ է, որ այդ պահանջներն անհեթեթ են՝ դասամիջոցներին աշխակերտներին փակել դասարաններում, ստիպել, որ դիմակ կրեն ժամեր շարունակ, միմյանց 1,5-2 մետրից ավելի չմոտենան և այլն:
Հատուկ «ձեռքբերում» էր Աշոտ Բլեյանի հանդեպ դրսևորված անշնորհք վերաբերմունքը, երբ կրթօջախի երկարամյա ղեկավարին գրչի մի հարվածով բռնեցին և «ուղարկեցին թոշակի»...
Դե, զանազան-զարմանազան օտարագրանտաշնորհյալ, կասկածելի կողմնորոշումներ ունեցող անձանց ներթափանցումը հանրակրթության ոլորտ, նրանց կողմից ինչ-ինչ մոտեցումներ մշակելն ու այդ ամենը հայկական դպրոցներ «սղղացնելը» արդեն «ձեռքբերում» էլ չէ, այլ անգնահատելի ծառայություն: Պարզ չէ միայն, թե ծառայություն՝ ո՞ւմ: Հասկանալի է, որ՝ ո՛չ մեր դպրոցականներին ու դպրոցին:
Ամենից զավեշտականն ու դառը քմծիծաղ հարուցողն այն է, որ այս անձնավորությունը համարում է, որ այնքան երեսատեղ ունի, որ կարող է խոսել «խավարամտությունից», հասկանալի է՝ իրեն քննադատողների հասցեին: Դե, իսկ իրեն էլ համարում է ոչ ավել, ոչ պակաս՝ լուսավորիչ...
Մի քանի այդպիսի «լուսավորիչ» լինի, այլևս այլ միջոցների կարիք չի զգացվի՝ մեր հանրակրթությունը վերջնականապես խավարի մեջ ընկղմելու համար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը