«․․․Ես շահագրգռված եմ և պատրաստ եմ օգնել մաֆիան վերացնելու կամ վերափոխելու մրցունակ ընկերությունների պայքարի։
Բայց մեր պետությունը բիզնեսով չպետք է զբաղվի։ Պետության բիզնեսով զբաղվելը պետության և բիզնեսի կապակցվածության ձև է և կոչվում է կոռուպցիա․․․»։
Սրանք «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքերն են։ Նա իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պետական հրատարակչություն ստեղծելու մասին ԿԳՄՍ նախարարության վերջին ծրագրերին։
Մեծ հաշվով, մտահոգիչ է պետության բիզնեսով զբաղվելու, պետության և բիզնեսի կապակցվածության հնարավորությունը։ Բայց խնդիրն այստեղ այլ է. ինչո՞ւ է Արմեն Մարտիրոսյանը կառավորության որոշումներում խնդիրներ տեսնում և դրանց մասին բարձրաձայնում միայն այն ժամանակ, երբ այն իր սեփական գրպանին է հարվածում։
Օրինակ՝ երբ Կառավարությունը ոչ այնքան վաղ անցյալում մեկ անձի գնման ընթացակարգով «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» ցուցապաստառների համար «Անտարեսին» 48 միլիոն 900 հազար դրամ հատկացրեց, կոռուպցիա՞ էր, թե կոռուպցիա չէր։ Ինչո՞ւ այդ ժամանակ պարոն Մարտիրոսյանը չբարձրաձայնեց «խնդրի» մասին, չխոսեց մեկ անձի գնման ընթացակարգում «կոռուպցիոն ռիսկերի» մասին, էլ չենք խոսում «մաֆիան վերացնել օգնելու» նրա պատրաստակամության մասին։
Կորոնավիրուսի օրերին «ալամ-աշխարհից» ժպիտներ հավաքող Անտարեսի ղեկավարի այս անդրադարձը ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտների ցայտուն օրինակ և սեփական շահը «դուխով» առաջ մղելու հերթական փորձ։
Զարմանալու ոչինչ չկա, վերջին երկու տարում «Անտարեսը» պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումարներ է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Իսկ հիմա, երբ ԿԳՄՍ սուպերնախարարը որոշել է «լուսանցքից դուրս թողնել» իրեն, Մարտիրոսյանը նեղվել է, որ երբ պետությունը համ դաշտում դատավոր է, համ էլ խաղացող, այդ ֆուտբոլը ծաղրանք է համ դատավորի, համ ֆուտբոլասերի, համ էլ խաղացողների հանդեպ։
Փաստորեն, երբ «Անտարեսին» էր վերապահված պետության ավելի քան 136 միլիոնի հասնող պատվերների իրականացումը՝ առանց որևէ մրցույթի, ամեն ինչ արդար էր՝ առանց երկակի ստանդարտների ու «մաֆիոզ» դրսևորումների։ Բավական է ոտնահարվի անձնական շահերը, և միայն այդ ժամանակ է, որ տեսանելի են դառնում իշխանությունների «բարեփոխումների» կոռուպցիոն ռիսկերը։
«Իմ Ձայնը» նախագիծ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը