04 08 2020

Ինձ աշխատանքից ազատելու համար կեղծվել է փաստաթուղթ․ Հայկ Արամյան

Ինձ աշխատանքից ազատելու համար կեղծվել է փաստաթուղթ․ Հայկ Արամյան

Փաստորեն, փոխանակ` ընդդեմ ապօրինության և կամայականության իմ փաստարկված խոսքը առիթ ու ազդակ հանդիսանար սեփական գործունեությունը վերաիմաստավորելու և կատարված ապօրինությունները շտկելու համար, ընդհակառակը, առիթ է հանդիսացել հերթական ապօրինությունը կատարելու համար` այս անգամ ինձ աշխատանքից ազատելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Հայկ Արամյանը:

Նա գրել է. «Մասնավորապես, ուսումնասիրելով առկա տվյալները՝ պարզել եմ, որ ինձ աշխատանքից ազատելու նպատակով կեղծվել է փաստաթուղթ, ինչպես նաև կիրառվել է գոյություն չունեցող իրավական ակտ։

Ուրեմն այսպես, երբ ինձ ազատում էին զբաղեցրած պաշտոնից, նշում էին, որ Հայկ Արամյանը խախտել է ներքին կարգապահական կանոնների X,Y,Z ... կետերը, և հաշվի առնելով ծառայողական քննություն անցկացնող աշխատանքային խմբի եզրակացությունը, նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից։

Ուրեմն, այս նկարը այն մասին է, որ ԱԻՆ աշխատանքային ներքին կարգապահական կանոնները` որը իբր ես խախտել եմ, Mullbery համակարգ է մուտքագրվել, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, սույն թվականի փետրվարի 5-ին, այսինքն իմ նկատմամբ ծառայողական քննություն նշանակելուց երկու օր առաջ։

Ուշադրություն դարձրեք ամսաթվին, քանի որ ԱԻՆ ներկայացուցիչը դատարանում հայտարարել է, որ 2019 թվականի հուլիսի 30-ին ընդունված ներքին կարգապահական կանոնները Mullbery համակարգով պատշաճ ծանուցված է եղել բոլոր աշխատակիցներին։

Հիմա հարց է առաջանում. եթե փաստաթուղթը Mullbery համակարգ է մուտքագրվել փետրվարի 5-ին, ապա այն ինչպես կարող էր Mullbery համակարգով ինչ-որ մեկին ծանուցվել փետրվարի 5-ից առաջ։

Բայց սա չէ էականը։

Այստեղ այլ կարևոր խնդիր կա։

Փաստորեն, ստացվում է, որ առանց նախարարի հրամանում փոփոխություն կամ լրացում կատարելու , ուղղակի վերցրել ու Mullbery-ում փոխել են ներքին կարգապահական կանոնների տեքստը, և փոխել են այնպես, որ ստացվի, թե իբր ես ներքին կարգապահական ինչ-որ կանոններ եմ խախտել, և այդ գոյություն չունեցող, կեղծված, առոչինչ ակտը դրել են ինձ աշխատանքից ազատելու հիմքում։

Նշեմ նաև, որ իմ տրամադրության տակ կա 2019 թվականի հուլիսի 30-ին ընդունված ներքին կարգապահական կանոնների իրական տեքստը։

Հիշեցնեմ, որ փաստաթուղթ կեղծելը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն է, որի համար սահմանված է մինչև 4 տարի ժամկետով ազատազրկում։

Դեռևս կքննարկեմ` իմ գնահատմամբ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքը քրեաիրավական ընթացակարգով պարզաբանելու անհրաժեշտության վերաբերյալ հարցը։

Միևնույն ժամանակ, ԱԻՆ իմ որոշ գործընկերներին խնդրում և կոչ եմ անում զերծ մնալ ապօրինի գործընթացների մեջ ներքաշվելուց։

Հիշեք, որ ինքներդ եք պատասխանատու ձեր գործողությունների կամ անգործության համար։

Էտ որ ասում են` հանգիստ եղեք, մենք «տեր» ենք, ուրեմն իմացեք. մեկը լինի էտ ասողին «տեր» լինի:

Նմանատիպ իրավիճակներում ՀՀ օրենսդրությունը նախատեսում է հետևյալ կարգավորումները.

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, մեջբերում եմ.

«...Հանրային ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում հանրային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին կամ նրա անմիջական ղեկավարին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե հանձնարարական տվող պաշտոնատար անձը գրավոր վերահաստատում է իր հանձնարարականը, ապա հանրային ծառայողը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, պարտավոր է կատարել այդ հանձնարարականը և այդ մասին գրավոր տեղեկացնել իրեն հանձնարարական տվող պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին: Հանրային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած պաշտոնատար անձը...»:

Շատ եմ ցավում, որ լեգիտիմ իշխանության օրոք, պետական կառավարման համակարգում դեռևս կան նմանատիպ երևույթներ»,-գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ