30 06 2020

Պետական օժանդակության 20-րդ ծրագրում փոփոխություններ են կատարվել

Պետական օժանդակության 20-րդ ծրագրում փոփոխություններ են կատարվել

2020 թվականին հիմնադրված կամ 2020 թվականին գործունեության տեսակը փոխած միկրոձեռնարկատիրության սուբյեկտները շահառու հանդիսանալու համար պետք է կայքում լրացնեն գործունեության հիմնական տեսակը կամավոր հայտարարագրելու մասին դիմում:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների դեպքում հիմք են ընդունվում 2019 թվականի վերջին հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և տեսակարար կշիռը:

 

«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ շահառուները կարող են դիմել հուլիսի 3-ից, իսկ վերջնաժամկետը հուլիսի 15-ն է:

«20-րդ ծրագրի միանավագ 68 000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր (հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեություն, առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացան նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտները:

Փաշինյանը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:
Դիմելով քաղաքացիներին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ պետք է միասին հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնալ բարեկեցության կառուցման գործին և կառուցել Հայաստանը նորովի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ