11 06 2020

Բազմաթիվ քաղաքացիներ կորոնավիրուսից բուժվում են սեփական միջոցներով

Բազմաթիվ քաղաքացիներ կորոնավիրուսից բուժվում են սեփական միջոցներով

Մարտի 1-ից բուժհիմնարկներում պետպատվերի շրջանակներում իրականացվում է կորոնայով վարակվածների բուժսպասարկում, սակայն առողջապահության նախարարությունը երեք ամիս անց է միայն որոշել չափ տալ կորոնայով ծախսվող գումարին:

Պարզվում է՝ մինչ օրս կովիդով բուժվողների համար բուժծառայության մեկ օրվա ծախս որպես այդպիսին չկա, սահմանված չէ՞: Երեք ամիս Նորք ինֆոկցիոն կենտրոնում ու մյուս 9 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում քաղաքացիների բուժման ծախսերը փոխանցուցվել են պահպանման ծախսերից: 

Եվ բոլոր մյուս հիվանդանոցները, որոնք վերազինված են եղել COVID 19  սպասարկման համար, բայց ներառված չեն եղել նախարար Թոորսյանի համար ցանկալի վերապրոֆիլավորված ԲԿ-ների ցանկում, նրանք ևս սպասարկել են վարակակիրներին՝ բացառապես վճարովի հիմունքներով: Այս կենտրոններից Yerevan․Today-ին հայտնեցին, որ ամեն քաղաքացու համար կովիդբուժման միջինացված ծախսը կազմում է 300-350 հազար դրամ (անունները չենք նշում չգովազդելու համար): Մինչ օրս նախարարությունը չի հրապարակայնացրել, թե որքան է պետությունը ծախսում իր քաղաքացիների բուժման համար, այս պահին ԱՆ-ում պետպատվերով բուժօգնության ցանկում կորոնավարակի բուժման կոդն է որոշվում, այսինքն՝ կովիդով մեկ հիվանդի համար պետության հաշվին իրացվող ծառայությունների միջինացված գինը:

Ուշագրավ է այն, որ Կառավարությունն ինքն էլ վարչապետով ու փոխվարչապետերով հանդերձ՝ շահագրգիռ չի եղել բյուջեից իջեցվող փողերի վերահսկման հարցում:

Հապճեպ կարգավորման են անցնում ճիշտ այն ժամանակ, երբ հիվանդանոցների  գերբեռնվածության մասին հայտարարեց վարչապետը, ու հասարակության պարսավանքից հետո որոշվեց վերջապես ընդլայնել կովիդսպասարկող հիվանդանոցների ցանկը։ Պետպատվերի ճշտված ծախսով նախարար Արսեն Թորոսյանը դուրս կգա իր մտերիմների ղեկավարած ԲԿ-ների շրջանակներից և հիվանդները կուղեգրվեն նաև մասնավոր կլինիկաներ: Ինչո՞ւ է այսքնան ուշացած կարգավորում ֆիանսնական հոսքերը, այս հարցում նախարար Արսեն Թորոսյանի կոլեգաները տարբեր վարկածներ են հնչեցնում՝ փող լվանալուց մինչև ոչ կոմպետենտ կառավարման բացթողումներ:

Որպես օրինակ նշում են ԿՏ հետազոտությունների դեպքերը․ նշենք, որ կորոնայով վարակված հիվանդները 2-5 անգամ այս հետազոտությունն անցնելու անհրաժեշտություն են ունենում, իսկ ծառայությունն արժե 40-50 հազար դրամ:

«Մի պահ պատկերացրեք, թե քանի-քանի վարկակրի դեպքում կարելի է մանիպուլիացիա անել, ի վերջո, բոլոր մեկուսացվածները չէ, որ հաջողում են հաղթահարել վիրուսը։ Իսկ մենք ի՞նչ մեխանիզմ ունենք ստուգելու և համադրելու էպիկրիզներում նշված հետազոտությունները կատարվածի հետ, ոչ մի …»,- ահա այսպիսի օրինակով մտահոգիչ եզրահանգումներ է  անում մասնագետը: 

Հ.Գ.

Ընդգծենք, որ տեղի է ունենում աննախադեպ բան Հայաստանում կորոնավիրուսով վարակված այն հիվանդները, որոնք կորոնավիրուսի բուժման համար պետպատվեր ունեցող հիվանդանոցների գերբեռնվածության պատճառով բուժվում են այլ հիվանդանոցներում, ստիպված իրենք են հոգում ամբողջ բուժսպասարկման ծախսը, ներառյալ սնունդ, դեղորայք, սենյակի վճար։ Իսկ դա նշանակում է, որ պետությունը մարդկանց թողել է բախտի քմահաճույքին։ Յուրաքանչյուրս մեր ձեռքի տակ պիտի ունենանք մինիմումը 300 հազար դրամ՝ փրկվելու համար, իսկ այս փրկագինը, միևնույն է, չի փոխհատուցվում։ Իսկ եթե, Աստված մի արասցե, վարակվեք ընտանիքով՝ դա արդեն միլիոնը կգերազանցի։

Yerevan.Today –ին հասած տվյալներով՝ պարետատունը հակված է պետպատվերի համար սահամանել 250 հազար դրամ,  կնշանակի՝ սուր դեպքերում հավելյալ ծախսերը դարձյալ կմնան քաղաքացիների ուսերին։ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը չցանկացավ հաստատել կամ հերքել մեր տեղեկատվությունը, հորդորեց սպասել պաշտոնական հայտարարությանը։

Ամեն դեպքում, այս փուլում տարածման ներկա տեմպերով եթե հաշվարկենք ազգաբնակչության հատկապես խոցելի խմբի հնարավոր վարակման ռիսկը ու դրանից բխող ծախսերը, կարելի է եզրակացնել, որ տնտեսության վրա կորոնավիրուսի թողած հետևանքները շատ ծանր կլինեն:

Ազգաբնակչության ¼ -ը բարձր տարիքի կենսաթոշակառուներն են՝ շուրջ 561 հազար քաղաքացի (հաշմանդամություն ունեցողներն ու զինհաշմանդամները ներառյալ) կստացվի ենթադրյալ 250 հազար պետպատվերի դեպքում՝ միայն պոտենցիալ վարակակիրների բուժսապսարկումն ապահովելու համար պետությունը ստիպված է նախատեսել 140 մլրդ 250 մլն դրամից ոչ պակաս գումար․ չմոռանանք՝ միջին տարիքի անձանց կյանքը ևս վտանգի տակ է, իսկ  վարակման պիկը դեռ առջևում է…

 

 Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ