08 05 2020

Սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար նոր համակարգ է ներդրվել

Սնանկության կառավարիչների թեկնածուների ընտրության համար նոր համակարգ է ներդրվել

Սնանկության ոլորտի բարեփոխումների արդյունքում Սնանկության դատարանի կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա սնանկության կառավարիչների թեկնածուների վիճակահանությունը 2020թ. ապրիլի 15-ից իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից՝ հատուկ համակարգչային ծրագրով, ընդ որում, նախկինի համեմատ այժմ ընտրությունն իրականացվում է տարածքային սկզբունքով՝ ըստ հատուկ ալգորիթմի և այն կառավարիչների ցանկից, որոնք սպասարկում են տվյալ գործին համապատասխանող տարածքը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արդյունքում Սնանկության դատարանից ստացված պահանջագրերով վիճակահանությունը իրականացվում է բավական սեղմ ժամկետում, հիմնականում հենց պահանջագրի ստացման օրը և վիճակահանության արդյունքները սեղմ ժամկետում ներկայացվում են Սնանկության դատարանին և հրապարակվում են Նախարարության կայքում՝ միաժամանակ էլեկտրոնային ծանուցում ուղարկելով սնանկության կառավարչին:

Սրանով էականորեն կրճատվում է Սնանկության դատարանին կառավարչի թեկնածություն ներկայացնելու ժամկետը: Բացի այդ, կատարված բարեփոխումների արդյունքում էականորեն կրճատվելու է նաև փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես, Սնանկության դատարանից կառավարչի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ պահանջագրերը արդեն հնարավոր է դարձել ներկայացնել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով: Կառավարչի ընտրության վիճակահանության արձանագրությունը ևս հնարավոր է ներկայացնել Սնանկության դատարան էլեկտրոնային եղանակով՝ դրանով ապահովելով արագ և մատչելի կապ Սնանկության դատարանի և Արդարադատության նախարարության միջև:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ