Երևանն այսօր
Նոր ինքնաթիռը Բաքու են տարել Իտալիայի պաշտպանության նախարարն ու ԱԳ փոխնախարարը․ լուսանկարներ
26 06 24
26 06 24
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է, թե վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերն ու Աննա Նաղդալյանի պատասխանները․
- Վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ ապագայում:
- Մենք բազմիցս ենք նշել, որ արտերկրում հայտնված և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս առումով ցանկանում եմ նշել, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանափակումների պարագայում յուրաքանչյուր թռիչքի իրականացում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ՝ սկսած թույլտվությունների ձեռքբերումից մինչև տեղում և տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում: Ուստի բնական է, որ թռիչքներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ՝ վերոնշյալ հանգամանքներից ելնելով:
Փորձեմ ներկայացնել վերջին շրջանի տվյալները՝ հակիրճ:
Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ միջև սերտ համագործակցության արդյուքնում և Իրաքյան Քրդստանի կառավարության հովանավորությամբ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 133 քաղաքացիների։
Ապրիլի 27-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ՀՀ 18 քաղաքացիներ Վարշավայից ավտոբուսով տեղափոխվել են Մինսկ, որտեղից Մինսկ-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան:
Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան վերադարձան ՀՀ 120 քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 25 քաղաքացիներ։ Այս թռիչքի կազմակերպման առումով մեծ աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։ Թռիչքն հնարավոր է դարձել Ուկրաինայում ՀՀ դեսպանության և Ուկրաինայի հայերի միությանը և համայնքային ներկայացուցիչների անձնական ջանքերի շնորհիվ:
Իրականացվել է նաև մեր քաղաքացիների վերադարձը Սիրիայից: Ապրիլի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղափոխումը Դամասկոս, որից հետո վերջիններս, Դամասկոսից արդեն ևս 3 քաղաքացիների հետ միասին, թռիչք կատարեցին դեպի Երևան:
Ցանկանում եմ առանձահատուկ ընդգծել, որ վերոնշյալ միջոցառումների արդյունքում Հայաստան վերադարձած մեր բոլոր քաղաքացիները գտնվում են 14-օրյա պարտադիր կարանտինում:
- ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը մեր քաղաքացիների կողմից ի՞նչ հարցեր են բարձրացվում, և ի՞նչ է արվում դրանք հասցեագրելու ուղղությամբ:
- Նշեմ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայումս 5000 դիմումատուի հայտ է ստացել, որոնց մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո։ Սկսած մարտի 22-ից՝ հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 8500-ը։
Մարտի 20֊ից սկսած մինչև այսօր հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։
Հարյուրավոր քաղաքացիների կացության և սննդի հարցն ապահովվել է նաև Դոնի Ռոստովում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում և ՌԴ այլ քաղաքներում։
Ընդգծեմ, որ աշխատանքներ են տարվել մոտ 517 քաղաքացու աշխատանքի տեղավորման ուղղությամբ։ 117 քաղաքացի մարտ, ևս 400 քաղաքացի, այդ թվում կանայք, ապրիլ ամսվա ընթացքում անցել է աշխատանքի՝ ՌԴ տարբեր մարզերում։ Իսկ մոտ 150 քաղաքացի հրաժարվել է աշխատանքի առաջարկից։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բուժհաստատություններում գտնվող ՀՀ երկու տասնյակ քաղաքացիների և բուժանձնակազմի հետ պահպանում է մշտական կապ և ըստ անհրաժեշտության՝ տրամադրում է համապատասխան պարագաներ։
Օժանդակություն է ցուցաբերվում նաև տնային պայմաններում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժվող ՀՀ 8 քաղաքացու։
Տանը ինքնամեկուսացման պայմաններում գտնվող և ծանր ֆինանսական կացության մեջ հայտնված 45 ընտանիքի մշտական հիմքով տրամադրվում է պարենային զամբյուղ։
Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով։
Կցանկանայի ընդգծել, որ բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են բարերարների, համայնքային կառույցների հետ համագործակցությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը