23 04 2020

Այս տարի մարդահամար չի անցկացվի

Այս տարի մարդահամար չի անցկացվի

2020 թվականին Հայաստանում պետք է անցկացվեր մարդահամար, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մարդահամարը հետաձգել և անցկացնել 2021 թվականին:

Գործադիրն ապրիլի 23-ի նիստում հաստատեց հետաձգման մասին որոշումը։

2020թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները մինչև Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի (COVID-19) համավարակային իրավիճակի սրացումը, իրականացվել են ժամանակացույցով սահմանված ընթացակարգով և հաստատված ժամկետներում, սակայն մարդահամարի նախապատրաստական և կազմակերպման հաջորդող աշխատանքների բնականոն իրականացման հնարավորությունները երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում էապես նվազել են:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծում  նշված է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկատվության հավաքումը տեղի է ունենալու նաև տնային տնտեսություններ այցելությունների միջոցով, իսկ համավարակի հետագա զարգացումներն անկանխատեսելի են, այդ թվում՝ անկանխատեսելի են հետհամավարակային կարճ ժամանակաշրջանում ռեսպոնդենտների վարքագծային փոփոխությունները, որոնք կարող են ազդել մարդահամարի գործընթացի վրա, ուստի որոշել են  աշխատանքների անցկացման ժամկետները հետաձգել և մարդահամարն անցկացնել 2021 թվականին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ