22 04 2020

Արցախում այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երթ չի լինի

Արցախում այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երթ չի լինի

Արցախում այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական կենտրոնը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Արցախի Հանրապետության Նախագահի ապրիլի 12-ի՝ Արցախի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրով և դրա հիման վրա ընդունված Պարետի ապրիլի 13-ի որոշմամբ սահմանվել են հանրային (զանգվածային) միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ, որոնց շրջանակներում, ի թիվս այլոց, արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները: Հաշվի առնելով վերը նշված իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները, այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու:

Սույն հայտարարությամբ հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից:

Ժամանակավոր սահմանափակումները նպատակ ունեն կանխելու վարակի հնարավոր տարածումը և նվազագույնին հասցնելու մեր քաղաքացիների առողջությունը վտանգող հնարավոր ռիսկերը: Բոլորին մաղթում ենք առողջություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ