11 04 2020

Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ․ քաղաքացին կարել է բերանը

Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ․ քաղաքացին կարել է բերանը

Ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացին (Միրան Մ., ծնված 1991 թ.) կարել է շրթունքների մի հատվածը. պատճառը ընտանեկան և սոցիալական խնդիրներն են:

Տեղում հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության աշխատակիցներ, սակայն քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տղամարդն ասել է, որ չի կարողանում իր ընտանիքի անդամների սոցիալական խնդիրները լուծել:

Փրկարարների ու ոստիկանների հետ զրույցում տղամարդն ասում էր. «Սոցիալապես անապահով խավից եմ: 6 երեխա ունեմ, ու հիմա էլ կինս հղի է: Չգիտենք, թե ում դիմենք, որ մեզ էլ նպաստ տան: Երեկ, բարեբախտաբար մի քանի պատգամավորի հանդիպեցի, նրանցից մեկը նույնիսկ ինձ տարավ իր տուն: Սակայն դրանով իմ պրոբլեմները չլուծվեցին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ