Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, տեղեկացնում է Կառավարության կայքը:
ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆյեսբուքյան իր էջում պարզաբանել է.
Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումները:
Նախորդ Շաբաթ օրը` ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական եւ վերջին անգամ բացատրել եմ`
- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի եւ իրականության աղավաղման;
- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
- եւ նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները:
Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, եւ երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:
Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:
Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը ներկայացրել եմ երկուշաբթի, ապրիլի 6-ին:
Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:
Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը