23 03 2020

Երևանի քաղաքապետարանը 2019 թվականին գործել է կառավարման ցածր արդյունավետությամբ․ «Լույս» հիմնադրամ

Երևանի քաղաքապետարանը 2019 թվականին գործել է կառավարման ցածր արդյունավետությամբ․ «Լույս» հիմնադրամ

Ս․թ․ մարտի 19-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ներկայացվեց 2019 թվականի ծրագրերի իրականացման հաշվետվությունը, համայնքային բյուջեի կատարողականը, որում արտացոլված էին տնտեսական քաղաքականության հիմնական արդյունքները` ձեռքբերումները կամ կորուստները:

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարողականը պարունակում է մի շարք խնդրահարույց և մտահոգիչ կետեր, իսկ արձանագրված ցուցանիշները վկայում են 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի կառավարման ցածր արդյունավետության մասին, ինչին անդրադարձել է «Լույս» հիմնադրամի փորձագիտական խումբը՝ հրապարակելով «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ» տեղեկանքը։

Այսպես, համաձայն Երևան քաղաքի 2019 թվականի համայնքային բյուջեի կատարողականի հաշվետվության՝ բյուջեն թերակատարվել է եկամուտների հավաքագրումների մասով՝ կազմելով շուրջ 13.2%: Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 75.0 մլրդ դրամ: Եկամուտների հավաքագրման փաստացի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ (86.4 մլրդ դրամ) կազմել է 86.8%: Այլ կերպ ասած՝ եկամուտների հավաքագրումը ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել է 11.4 մլրդ դրամով կամ 13.2%-ով։ Ընդ որում, եկամուտների թերհավաքագրումը հիմնականում կապված է եղել այլ եկամուտներ հոդվածով արձանագրված ցածր կատարողականով: Մասնավորապես, ինչպես նշվում է վերլուծության մեջ, 2019-ին փաստացի արդյունքներով եկամուտների հավաքագրումը թերակատարվել է պաշտոնական դրամաշնորհներ և այլ եկամուտներ հոդվածներով։ Պաշտոնական դրամաշնորհներ հոդվածի կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` միջազգային կազմակերպություններից ենթահոդվածով ըստ ճշտված պլանի պետք է ստացվեր 1.4 մլրդ դրամ, մինչդեռ, փաստացի արդյունքներով, ընդհանրապես գումար չի ստացվել:

Հարկեր և տուրքեր հոդվածով փաստացի արդյունքներով եկամուտների հավաքագրումը գերակատարվել է, ինչը հիմնականում պայմանավորված է եղել փոխադրամիջոցներից ստացված գույքահարկի գերակատարմամբ (0.8 մլրդ դրամ): Այս փաստը կապված է եղել 2019-ին ՀՀ ներկրվող մեքենաների աննախադեպ աճի հետ։ Համաձայն վերլուծության՝ ներկրված մեքենաների մեծ մասը դուրս է բերվել ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ, այսինքն՝ այդ մեքենաների համար գույքահարկի ստացումն ապագա ժամանակահատվածի համար այլևս կարելի է համարել անիրատեսական։

Երևան քաղաքի 2019 թվականիի համայնքային բյուջեն թերակատարվել է նաև ծախսերի կատարման մասով: Փաստացի կատարված ծախսերը 2019-ին կազմել են շուրջ 66.8 մլրդ դրամ, որը ճշտված պլանի ցուցանիշից պակաս է 27.9 մլրդ դրամով կամ 29.5%-ով։

Փորձագիտական խումբը նշում է, որ ծախսերի այսպիսի մեծ թերակատարումն աննախադեպ է Երևանի պատմության համար: Նույնիսկ 2018-ին, երբ որոշ ժամանակ Երևանը քաղաքապետ չուներ և որոշ ծախսեր օբյեկտիվորեն չէին կատարվում, ծախսերի այսպիսի մեծ թերակատարում չի արձանագրվել:

Փաստացի ծախսերի թերակատարումը կապված է եղել ինչպես գործառնական, այնպես էլ տնտեսագիտական դասակարգման ծախսային գրեթե բոլոր հոդվածների թերակատարման հետ: Ընդ որում, ըստ Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված բյուջեի կատաարման հաշվետվության` նախատեսված և փաստացի կատարված ծախսերի տարբերությունները հիմնականում պայմանավորված են եղել գնումների գործընթացում առաջացած և չբացատրված խնայողություններով, մի շարք պատվիրակված լիազորությունների չկատարմամբ, ինչպես նաև որոշ ծրագրերի չիրականացմամբ: Կարծես թե քաղաքապետարանը ծախսերի միտումնավոր թերակատարման արդյունքում հավաքել է ազատ միջոցներ` 2020 թվականին կոնկրետ ծախսեր իրականացնելու նպատակով՝ նշվում է վերլուծության մեջ:

«Լույս» հիմնադրամի փորձագիտական թիմն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետարանն արդեն 2-րդ տարին անընդմեջ (2018-ին նույնպես) թերանում է տնտեսական հարաբերությունների էներգետիկայի ճյուղին ուղղված ծախսերի իրականացման մասով։ Այս ճյուղին ուղղված ծախսերի փաստացի կատարողականը կազմել է 0.05 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նշված ճյուղին ուղղված ծախսերի տարեկան հաստատված պլանը կազմել էր 4.1 մլրդ դրամ, իսկ տարեկան ճշտված պլանը` 3.9 մլրդ դրամ:

Փոխարենը, 2019-ին Երևանի բյուջեից նախորդ տարիների համեմատ ավելի մեծ գումար է հատկացվել աշխատակիցների աշխատանքի վարձատրության և պարգևավճարների գծով։ Միայն պարգևատրումների գծով ծախսերը 2019 թվականին կազմել են 1.7 մլրդ դրամ, ինչն ավել է 2018-ի նույն ցուցանիշից 1.1 մլրդ դրամով:

2019 թվականի համար Երևան քաղաքի բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի 5.8 մլրդ դրամը ճշգրտման արդյուքնում դարձել է 12.3 մլրդ դրամ, սակայն փաստացի ծախսվել է ընդամենը 1.2 մլրդ դրամը: Նշվում է, որ Երևան քաղաքի մի շարք կարևորագույն խնդիրների լուծման համար (քաղաքային տրանսպորտ, վերելակներ, մետրո և այլն) անհրաժեշտ են մեծածավալ կապիտալ ներդրումներ, որոնք պետք է մաս-մաս իրականացնել` յուրաքանչյուր տարի վերջնական արդյունք ստանալու համար: Սակայն, կապիտալ ծախսերի փաստացի ցուցանիշը թույլ է տալիս արձանագրել, որ Երևան քաղաքի կարևոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերը չեն կատարվել:

Երևանի 2019 թվականի բյուջեի փաստացի եկամուտների և փաստացի ծախսերի տարբերությունից ձևավորվել է 8.3 մլրդ դրամի աննախադեպ հավելուրդ: Ըստ ճշտված պլանի, բյուջեն պետք է ստացվեր պակասուրդով՝ գրեթե ներկայիս ձևավորված հավելուրդի չափով: Վերջինիս առաջացման հիմնական պատճառը փորձագիտական խումբը համարում է թե’ գործառնական դասակարգման, թե’ տնտեսագիտական դասակարգման գրեթե բոլոր ծախսային հոդվածների թերակատարումը, ինչի արդյունքում ձևավորվել է շոշափելի գումարի ազատ մնացորդ:

«Լույս» հիմնադրամի փորձագիտական խումբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ