18 03 2020

Արցախում կորոնավիրուսի որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ. Արցախի ՄԻՊ

Արցախում կորոնավիրուսի որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երկրում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք դեռևս չի գրանցվել, իսկ վարակի ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ հեռախոսազրույցներ է ունեցել գերատեսչությունների հետ։ Նա նշել է.

«• Քիչ առաջ խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց վերին շնչառական ուղիների հիվանդությունների կասկածանքով փորձանմուշ է վերցվել, և ոչ ոքի մոտ նոր կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ:

• Հեռախոսազրույցներ եմ ունեցել նաև պետական նախարարի, գյուղատնտեսության նախարարի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ: Քննարկել ենք պետության կողմից իրականացվող և պլանավորվող կանխարգելիչ քայլերը, ես որոշ առաջարկներ եմ ներկայացրել նրանց: Շարունակում եմ քննարկումները պետական լիազոր պաշտոնյաների հետ: • Բարձր եմ գնահատում առ այսօր կատարված ջանքերը և՛ պետական մարմինների, և՛ բուժաշխատողների ու այլ ընդգրկված անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված ռիսկերի աճը և շատ քաղաքացիների վարքի դժվար կառավարելիությունը, պետությունը պետք է մտածի ավելի խիստ միջոցներ կիրառելու մասին: Կարծում եմ՝ դրանք կարող են ներառել՝

-Արցախ մուտքի համար լրացուցիչ սահմանափակություններ,

- Կասկածելի անձանց ինքնամեկուսացման երաշխավորում նաև վարչական միջոցներով,

- Հատկապես փակօթյա հանրային միջոցառումների/հավաքների սահմանափակում,

- Սննդի անվտանգության ու հիգիենայի ապահովման ուղղությամբ լրացուցիչ (ներառյալ՝ հարկադրական) մեխանիզմների կիրառում արտադրության և վաճառքի փուլերում:

• Այս փուլում կարևորելով նաև քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման համար պատշաճ պայմանների ապահովումը՝ հույս ունեմ, որ քարոզարշավ իրականացնող թեկնածուներն ու քաղաքական ուժերը, նույնիսկ առանց պետական պարտադրանքի, սեփական նախաձեռնությամբ կդադարեցնեն հատկապես փակօթյա հանդիպումները և կվերանայեն քարոզարշավի ձևաչափերը: Դա անհրաժեշտ է ոչ միայն հանրային առողջության պահպանման, այլ նաև ընտրական իրավունքների հետագա ու վերջնական իրացումը երաշխավորելու նպատակներով: Պետք է մեր քայլերով ու պատասխանատվությամբ նվազեցնենք կամ գոնե դանդաղեցնենք առողջապահական ու ընտրական իրավունքների հանդեպ վերահաս ռիսկերը:

• Պատկան մարմինների հետ քննարկում ենք նաև ընտրությունների քվեարկության օրն ընտրողների ու ընտրական գործընթացում ընդգրկված այլ անձանց առողջապահական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավոր լուծումները: Հուսով եմ, որ այնպիսի մեխանիզմներ կկիրառվեն, որոնք մեծապես կչեզոքացնեն այդ զանգվածային ու կարևոր միջոցառման ռիսկերը հանրային առողջության հանդեպ:

• Դե իսկ մեր բոլոր հայրենակիցներին էլ եղբայրաբար խնդրում և ի պաշտոնե հորդորում եմ բարձր պատասխանատվությամբ վերաբերվել իրավիճակին, հետևել հիգիենայի ու ինքնամեկուսացման վերաբերյալ առողջապահության նախարարության ցուցումներին, հորդորել շրջապատի անձանց ևս նույնը կատարել և չստուգված տեղեկություններ չտարածել: Պետք է գիտակցել, որ մեզնից յուրաքանչյուրից կարող է կախված լինել հատկապես խոցելի առողջություն ունեցող մեր հայրենակիցների կյանքը: Առողջություն ու պատասխանատվության զգացողություն բոլորիս»։

Ավելի ուշ մարդու իրավունքների պաշտպանն իր էջում հրապարակել է ԱՀ առողջապահության նախարարության պարզաբանումը.

«Հարգելի՛ հայրենակիցներ Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:

.Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:

.Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ:

.Հորդորում ենք բոլորին չհավատալ և չտարածել ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները»:

Ավելի վաղ դեպքին անդրադարձել էր նաև մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ