03 03 2020

Հոգևորականները քննարկել են Մայր Տաճարի նորոգման հանգանակության հարցը

Հոգևորականները քննարկել են Մայր Տաճարի նորոգման հանգանակության հարցը

Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։

Ժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։

Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամների մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին` Նորին Սրբությունն ուրախությամբ ընդգծել է, որ պատրիարքի հանգամանքի մեջ առաջին անգամ լինելով՝ ԳՀԽ ժողովին իր մասնակցությունն է բերում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն է ուղղել Կ․ Պոլսի Պատրիարքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը վերջինիս առաքելության արդյունավոր իրականացման, Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռի պայծառության և պոլսահայության հոգևոր կյանքի շինության համար։

Վեհափառ Հայրապետը ողջունել է նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի մասնակցությունը ժողովին՝ գոհունակությամբ հաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը ՀԲԸՄ կողմից մշտապես ցուցաբերվող զորակցությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է ժողովի ընդարձակ օրակարգում ընդգրկված հարցերին, որոնք առնչվում են ներեկեղեցական կյանքին և Հայոց Եկեղեցուն ու ժողովրդին հուզող զանազան խնդիրներին:

Նորին Սրբությունը, իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար, հայցել է Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի, այդ առիթով կազմակերպված համազգային հանգանակության, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր:

Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ