Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին այսօր՝ փետրվարի 26–ին, Թումանյանն ասել է «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում:
«Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն: Իհարկե, կան նաև խոչընդոտներ: Որպես խանգարող գործոն՝ կարող եմ նշել հասարակության մեջ տարածվող տարատեսակ լուրերը հիվանդության տարածման մասշտաբների մասին, մի բան, որ համոզված եմ ավելի շատ կապված է ապատեղեկատվության և երբեմն էլ ասեկոսեների հետ: Իմ կարծիքով այսպիսի դեպքերում ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել: Ի դեպ, տեղին է նշել, որ այս պայմաններում ՀՀ պետական մարմիններն առաջին հերթին իրենց աշխատանքի հիմքում դնում են ԻԻՀ-ից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը ու միաժամանակ համագործակցում միջազգային համապատասխան կառույցների հետ»,- ասել է դեսպանը:
Դեսպանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև իրականացվող քայլերին:
«Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծված վիճակով և բոլորիս ցանկությունն է օր առաջ տեսնել այս համաճարակի հաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ և երջանիկ: Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու և այդ ուղղությամբ մեր բարեկամ Իրանի հետ փոխգործակցության համակարգման նպատակով ժամանակավոր՝ երկշաբաթյա սահմանափակումներ են մտցվել Հայաստան-Իրան օդային և ցամաքային սահմանով հաղորդակցության վրա: Համաձայն կառավարության որոշման՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները և Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացիներն անարգել կերպով կարող են վերադառնալ իրենց երկրներ: ՀՀ քաղաքացիներին Իրանից Հայաստան փոխադրելու համար առաջիկայում կիրականացվի թռիչք, իսկ ցամաքային սահմանով շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ԻԻՀ քաղաքացիների վերադարձը Իրան»,- նշել է Թումանյանը:
Դիվանագետը հավելել է, որ Իրանից Հայաստան ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներն իրականացվում են համապատասխան սանիտարական վերահսկողության պայմաններում: Հաղորդակցության սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ և ԻԻՀ պաշտոնական պատվիրակություններին, դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին:
Փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը