08 02 2020

Կաշառք ստանալու մեղադրանքով ոստիկանության կապիտան է ձերբակալվել



Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը վերադարձնելու համար նույն վաշտի հետաքննիչներից մեկը, վարորդին տույժերի չենթարկելու սպառնալիքով, պահանջել է 50 հազար դրամ կաշառք։ Այս մասին հատնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Փետրվարի 7-ին պահանջած գումարը ստանալուց անմիջապես հետո հետաքննիչը բռնվել և բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա 50 հազար դրամը։ Ոստիկանության կապիտանը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ