28 01 2020

Բանակի օրը՝ մեղադրանք շալակած բանակը կերտողներով և բանակից խուսափած իշխանությամբ

Բանակի օրը՝ մեղադրանք շալակած բանակը կերտողներով և բանակից խուսափած իշխանությամբ

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: 1992-ի հունվարի 28-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Նրա ենթակայությանը հանձնվեցին զինվորական հետևյալ միավորները՝ ՆԳՆ պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինկոմիսարիատը։ Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները ստեղծվեցին ավելի ուշ։

Պաշտպանության առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, ում ժողովուրդը համարում է բանակի գլխավոր կերտողներից կեկը և անվանում «Սպարապետ»:

1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին։ Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը։

Անկախ Հայաստանի զինված ուժերի կանոնավոր զորամիավորումներն ու զորատեսակները, ինչպես նաև սպայական կազմը ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի կազմակերպական հիմքի վրա։ Նորաստեղծ Հայկական բանակի սպառազինությունը և ռազմական տեխնիկան ժառանգություն էր մնացել նույն խորհրդային բանակից։ Աստիճանաբար աճեց զինվորականների թիվը։

Հայոց բանակը, կազմավորման առաջին օրից, «մկրտությունը» ստացավ Ադրբեջանի հետ պատերազմում՝ այն ավարտելով հաղթանակով:

«Բանակի օրը» տոնացույցում հայտնվեց որպես պաշտոնական տոնական օր 2001 թվականի հունվարի 6-ից, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունները:

2002 թվականին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ արեց օրենքում՝ բանակի օրը դարձնելով ոչ աշխատանքային:

Հայոց բանակի կազմավորման գործում իր ուրույն տեղն ունեցավ նաև Արցախի Պաշպանության պետական կոմիտեն, որը գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանը: 1992-1993-ին Պաշտպանության Կոմիտեի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրագործվել են անհետաձգելի միջոցառումներ. ինքնապաշտպանական ջոկատների միավորում, նյութատեխնիկական հիմքի ստեղծում, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերում, մատակարարման կարգավորում և այլն։ Պաշտպանության Կոմիտեի գործուն մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների (Շուշիի ազատագրում, Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում և այլն) պլանավորման և ղեկավարման աշխատանքներին։ ՊԲ հրամանատարական կազմը և շտաբը համալրվել են հիմնականում Պաշտպանության Կոմիտեի անդամներով։

Կազմավորումից 28 տարի անց, կարելի է հպարտորեն նշել, որ հայոց բանակը լավագույն ու մարտունակ բանակն է տարածաշրջանում: Բանակ, որով հպարտանանում են այն կերտողները, ստեղծման ակունքնենրում կանգնածներն և անգամ բանակից խուսափածները` նրանց թվում նաև նոր իշխանության մի ստվար հատվածը:

Ստացվել է այնպես, որ Հայաստանում 2018թ. Իշխանափոխությունից հետո իշխանության են եկել հիմնականում մարդիկ, որոնք տարբեր պատճառներով ազատվել են բանակում ծառայությունից: Բանակից խուսափած նոր իշխանությունն էլ քրեական գործեր է հարուցել բանակը կերտողների նկատմամբ: Նրանք կամ կալանավորված են կամ հետախուզման մեջ են գտնվում կամ էլ ստորագրությամբ են բաց թողնված:

  • Ռոբերտ Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս, կալանավորված է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:
  • Միքայել Հարությունյան, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մեղադրվում է 2008թ. ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
  • Յուրի Խաչատուրով, գեներալ-գնդապետ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, մեղադրվում է սահմանադրկան կարգը 2008 թվականին տապալելու մեջ։
  • Սեյրան Օհանյան, գեներալ-գնդապետ, ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս: Մեղադրվում է սահմանադրական կարգը 2008 թվականին տապալելու մեջ:

Հայաստանն ունի զինվորական 4 գեներալ-գնդապետ: Նրանցից երեքը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ արդարադատություն անվան տակ, շատերը համարում են ոչ այլ ինչ, քան բանակի նվաստացում՝ բանակից խուսափածների ձեռքով:

2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանին չընդունողների մի մասը նշում էր, որ նրան գլխավոր գերագույն հրամանատարի դերում չի տեսնում, պատճառը ոչ միայն Փաշինյանի` պատերազմին մասնկացություն չունենալն էր, այլ առհասարակ բանակից խուսափած լինելու հանգամանքը:

Ժամանակը ցույց տվեց, որ մտավախություններն անհիմն չէին, բազմաթիվ գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերը վկա: Տարիներ առաջ անդրադառնալով բանակում չծառայելու հանգամանքին` Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ երկու եղբայրները ծառայել էին բանակում, ինքն էլ օրենքից է օգտվել և չի մեկնել ծառայության, ընտրել է քաղաքացիական ճակատում ծառայելու իմ իրավունքը: «1992 թվականից (դեռ նախազորակոչային տարիքից) զբաղվել եմ ակտիվ լրագրական գործունեությամբ, այդ թվում լուսաբանելով սահմանամերձ շրջաններում, իշխանության միջանցքներում և ընդհանրապես Հայաստանում տիրող իրավիճակը»,- ասել է նա:

Օրենքը օրենք, բայց Փաշինյանը ցանկության դեպքում կամովին կարող էր զորակոչվել բանակ, իր բազմաթիվ հայրենակիցների պես, որոնց շրջանում վստահաբանր ոչ պակաս լավ լրագրողներ, պատմաբաններ, գիտնականներ և այլ մասնագետներ կային: Իհարկե, նաև հարց է, թե լրագրությամբ երկրին «ծառայել» ասելով Փաշինյանը կոնկրետ ինչ կամ ավելի ճիշտ ում նկատի ունի:

Բայց եթե Փաշինյանը բանակում ծառայած լիներ, վստահաբար, այսօր մենք` բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը նշելիս կունենայինք այլ պատկեր, թեկուզ նրա համար, որ երկրի վարչապետը զենքի մասին խոսելիս թեկուզ մոտավոր պատկերացում կունենար ինչի մասին է խոսում, իսկ հրապարակային կիրառման ժամանակ էլ գոնե չէր խայտառակվի:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ և շնորհավոր տոնդ, սիրելի ժողովուրդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ