10 01 2020

ԶՈւ-ում մահվան դեպքերը նվազել են 22%-ով․ դատախազություն

ԶՈւ-ում մահվան դեպքերը նվազել են 22%-ով․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«2019թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա:

49 զինծառայողներից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Մասնավորապես՝

Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

• 4-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,

• 7-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,

• 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,

• 1-ը՝ հիվանդությունից,

• 4-ը՝ սպանության հետևանքով,

• 2-ը դժբախտ պատահարից,

• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 29 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

• 14-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,

• 12-ը՝ հիվանդությունից,

• 3- ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Արձանագրվել էր զինվորական ծառայություն անցնելու հետ կապված է 38, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 25-անձ:

2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 38 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով.

• 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,

• 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,

• 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,

• 3-ը՝ հիվանդությունից,

• 1-ը՝ ականի պայթյունից,

• 1-ը՝ սպանության հետևանքով,

• 3-ը դժբախտ պատահարից,

• 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,

• 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,

• 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերի պատճառներ են հանդիսացել՝

• 11-ի դեպքում՝ ծառայության հետ չկապված ավտովթարները,

• 10-ի դեպքում՝ հիվանդությունները,

• 4-ի՝ դեպքում դժբախտ պատահարները:

Համեմատական դիտարկումը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:

Հատկանշական է, որ 2018թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ (7-4) նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 4-ով կամ 36.4 տոկոսով զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը: Նվազել են նաև զինծառայության հետ կապված դժբախտ պատահարներից, ավտովթարներից, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով առաջացած մահվան դեպքերը:

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին արձանագրվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի էական նվազման կայուն միտում. եթե 2017թ. արձանագրվել է 76 դեպք, իսկ 2018թ.՝ 63, ապա 2019թ՝ արձանգրվել է 49 դեպք, ինչը փաստում է, որ 2017թ. համեմատ 2019թ. զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 35.5 տոկոսով:

Հ.Գ. Ամեն անգամ մեծ ցավով եմ հրապարակում այս տվալները՝ անկախ միտումներից, որովհետև մարդկային կյանքը, առավելևս՝ զինծառայողների, ամենևին վիճակագրություն չէ և անգամ մեկ զինծառայողի կորուստը՝ անկախ նրանից՝ ժամկետային, թե պայմանագրային զինծառայողի, սպայի կամ ենթասպայի մասին է խոսքը, մեծագույն ցավ է յուրաքանչյուրիս համար: Այդ պատճառով առաջին հերթին ներողությունս եմ ուզում հայտնել հատկապես կորուստը կրած ընտանիքների անդամներին, հարազատներին, մտերիմներին:

Սակայն ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ հատկապես հիմա, լրատվամիջոցներից ինտենսիվ գրավոր կամ բանավոր հարցումներ ենք ստանում, ինչը տրամաբանորեն հուշում է, որ անկախ ամեն ինչից՝ պետք է նաև նման տվյալների ներկայացմամբ բավարարել հանրային իրազեկվածության բնական և օրինաչափ պահանջը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ