21 11 2019

ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մեկնել ID քարտերով

ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մեկնել ID քարտերով

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Ղազախստանի միջեւ նույնականացման քարտով կամ անձը հաստատող վկայականով մուտք գործելու, ելքի եւ գտնվելու հարցը քննարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Երեւանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ եւ առաջարկվել է ապահովել համապատասխան ընթացակարգեր այն գործողության մեջ դնելու համար:

Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն մի Կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող՝ մյուս Կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 (երեսուն) օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտավորությունից։ Նրանք ազատվում են նաեւ միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից:

30 օրից ավելի գտնվելու դեպքում պարտավոր են հաշվառման կանգնել իրավասու մարմիններում:

Նախատեսվում է նաեւ, որ Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիները կարող են միմյանց տարածքում ազատ տեղաշարժվել մինչեւ 90 օր ժամկետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ