Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ենոքավանի անտառներից մեկում հովազի` քաղաքացու վրա հարձակվելու դեպքին՝ նշելով, որ գերատեսչության աշխատակիցները գործուղվել են այնտեղ և հանդիպել տուժածին։
«Իրականում շատ զարմանալի էր, քանի որ այդ տարածաշրջանում տասնյակ տարիներով չի եղել կովկասյան ընձառյուծ: Ըստ նկարագրվածի և ըստ մասնագետների՝ դա եղել է կովկասյան ընձառյուծ»,-ասաց նա՝ հավելելով, որ սովորաբար կովկասյան ընձառյուծը չի հարձակվում մարդու վրա:
«Դա կամ որջի մոտ կարող է լինել, կամ սնվելու ժամանակ, կամ այլ խնդիր կարող է եղած լինել, կուսումնասիրենք, լրացուցիչ կտեղեկացնենք: Զուտ կենսաբազմազանական առումով մեզ համար նույնպես անակնկալ էր, որ այդ տարածաշրջանում կա կովկասյան ընձառյուծ»,-նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը