31 10 2019

Կառավարության հերթական աղմկահարույց որոշումը․ լուծարվեց 4 գիշերօթիկ և մեկ մանկատուն

Կառավարության հերթական աղմկահարույց որոշումը․ լուծարվեց 4 գիշերօթիկ և մեկ մանկատուն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց լուծարել մի շարք գիշերօթիկ հաստատությունները: Խոսքը մասնավորապես, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության», «Վանաձորի մանկատան» մասին է:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, բայց նախքան ներկայացնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հարցի անվանման առաջին հատվածը «ֆեյք նյուզ»-ի տրամաբանությամբ է շարադրված. «Այսօր նորից մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները»,-ասաց նա:

Բաթոյանը նշեց, որ սա արվում է խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով: Ըստ այդմ սահմանվում է, որ մինչև 2020 թվականի հունվարի 15-ը պետության կողմից ՀԿ-ներին՝ ծրագրեր պատվիրակելու միջոցով ստեղծվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ:

Նախարարը նշեց, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ այդ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա. «Այս տարի իրականացվել է հաստատություններում խնամվբող երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում, որի հիման վրա մշակվել է եւ շարունակում են մշակվել անհատական ծրագրեր: Բոլոր երեխաները շարունակում են ստանալ պետական աջակցություն: Հաշվի առնելով ծնողների պատրաստվածությունը, նրանց 30 տոկոսն արդեն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում: Խոսքը 16 ընտանիքի մասին , նրանց համար նախատեսվում է իրականացնել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ տնտեսականմ գործունեություն ծավալելու համար»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, կազմակերպությունների լուծարումից հետո այդ բոլոր միջոցները տրամադրվելու են մարզերում եւ Երեւանում պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանի ընդլայնմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, երեխաների՝ կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցությանը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի, որտեղ ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ հունվարի 1-ից:

Զարուհի Բաթոյանը նկատեց, որ այս որոշումը մշակվել է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու համար, եւ սա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից: Պարզապես փոխվում է աջակցման ձեւը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ