31 10 2019

Երևանի կենդանաբանական այգում շները կերել են 3 կենգուրուների

Երևանի կենդանաբանական այգում շները կերել են 3 կենգուրուների

Ս․ թ հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել  թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից, հայտնեցին Երևանի կենդանաբանական այգուց։

Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ  շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով:

Տեղում ժամանել են Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել: Արու կենգուրուները  ժամանել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ  Ամստերդամի կենդանաբանական այգուց ս.թ դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով:

2011թ-ից ցայսօր Երևանի կենդանաբանական այգի  թափառող շների մուտքի արդեն երրորդ դեպքն է, որի արդյունքում գրանցվում է  կենդանիների անկում և/կամ ֆիզիկական վնասվածք, ինչը հետևանք է  Կենդանաբանական այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայության, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին (աքիսներ, աղվեսներ  և այլն)  անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից:

Խնդիրը գտնվում  է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ