Վարչապետ Նիկոլ Փաշինյանն տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Գյումրի և մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից։ «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի փողոցը։ Փողոցի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել է մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռը։
Կառավարության ղեկավարը շրջել է Գյումրու փողոցներով, ողջունել դրսում հավաքված գյումրեցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել։ Շիրազի փողոցում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գյումրու գեղագիտական կենտրոնի սաների ցուցահանդեսի, ինչպես նաև Արհեստների ու արվեստների փառատոնի շրջանակում ներկայացված աշխատանքներին։ Ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված էր 21 տաղավար։ Հաջորդ կանգառը Ռուսթավելի փողոցն էր. այստեղ վարչապետն ընտանիքի հետ այցելել է Սուրբ Նշան եկեղեցի, ունկնդրել երգեհոնի կատարումը, ապա դիտել եկեղեցու մոտ «Անի» պարային համույթի շուրջպարը։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միացել են շուրջպարին և պարել հայկական ավանդական երաժշտության հնչյունների ներքո։
Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «Խոսում են Գյումրվա մեծերը» խորագրով տոնական միջոցառումներին, որոնք անցկացվել են Ռուսթավելի և Վարպետաց փողոցներում։ Նիկոլ Փաշինյանը դիտել է բացօթյա թատերական մինի ներկայացումները՝ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում՝ «Դիմավորում է Ֆրունզը», Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում՝ «Հյուր Վարպետին» և Հովհաննես Շիրազի թանգարանում՝ «Հրավիրում է Հովհաննես Շիրազը» խորագրերի ներքո։
Այնուհետև վարչապետն ընտանիքի հետ այցելել է Ձիթողցոնց տուն-թանգարան՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, տարածված արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը ներկայացնող ցուցանմուշներին։ Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին և կոչվում է նաև Ձիթողցոնց տուն-թանգարան, քանի որ եղել է Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթած Ձիթողցյան եղբայրների առանձնատունը։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են նաև քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում։ Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են թանգարանում ներկայացված հավաքածուին։ Այն համալրված է հայտնի մարդկանց՝ Հովհաննես Թումանյանի, Խրիմյան Հայրիկի, Լև Տոլստոյի, Վլադիմիր Լենինի, նաև խորհրդային գործիչների դիմաքանդակներով և հետմահու դիմակներով։ Ընդհանուր առմամբ ցուցադրված են հետմահու 30 դիմակներ, 13 քանդակներ։
Երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու «Գյումրու օր-2019» տոնական համերգին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը