ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության վարույթում Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն կատարելու նոր դրվագ. այն է՝ նշված համայնքի նախկին ղեկավարի ցուցումով 2011թ. հունվարի 1-ից այլևս աշխատանքի չհաճախող անձը շարունակել է մինչև 2018թ. հունիս ամիսը գրանցված լինել «Մշակույթ» ՀՈԱԿ-ի արտաքին կապերի գծով պատասխանատուի պաշտոնում և նրան ՀՈԱԿ-ի տնօրենների կողմից հատկացվել է ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ, աշխատանքի այցելության վերաբերյալ կազմվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Էջմիածնի համայնքապետարանից առերևույթ կատարված յուրացման դեպքեր, պարզվել դրանց կատարման մեխանիզմը:Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող:
Արդյունքում՝ նա՝ որպես հիմնարկի տեղամասի պահակ, աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ:
Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս՝ որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ:
Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս:Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ իր վարորդին աշխատեցնում է որպես իր ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցողին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին գրավոր կարգադրություն է տվել՝ իր անձնական վարորդին նույն վարչության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ:
Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան, որպես աշխատավարձ, վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի նյութական վնաս:Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում, որպես փողոցի հավաքարար, աշխատանքի է ընդունել համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան, որպես աշխատավարձ, համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ:
Բացի այդ, համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ:Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:«Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ):Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:Նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը