Հուլիսի 10-ին 76 տարեկանում կյանքից հեռացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը:
Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։
Գզողյանը 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական պաշտոններում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։
1988թ. զորացրվել է խորհրդային բանակից եւ փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Ընդգրկվել է «Երկրապահ» կամավորական ջոկատում եւ մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջեւանի երկրապահների շտաբի պետ։ 1990-ին նշանակվել է Երեւանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ՝ շտաբի պետ։ Հետագայում տեղափոխվել է Շահումյան` Շահեն Մեղրյանի հետ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի պաշտպանական գործողությունների համակարգման համար։ Ղեկավարել է Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ազատագրումը։
1991թ. Գզողյանն իր նշանակալի ներդրումն է ունեցել Հայաստանի Պաշտպանության կոմիտեի ստեղծման գործում, այնուհետեւ տեղափոխվել է Արցախ։ 1992թ. փետրվարին նշանակվել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ։
1992թ. հոկտեմբերի 17-ից մինչեւ 1993թ. մարտի 11-ը նշանակվել է Հարավարեւելյան ուղղության հրամանատար, որն ընդգրկում էր ռազմաճակատի Կապանից Լաչին ձգվող գիծը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը