01 07 2019

Ալավերդու գործարանի աշխատակիցները փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը․ News.am

Ալավերդու գործարանի աշխատակիցները փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը․ News.am

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները հուլիսի մեկի վաղ առավոտից փակել էին Երեւան-Թբիլիսի երկաթգիծը։ Գործարանի 200 աշխատակիցների ազատել են աշխատանքից, նրանք էլ այսօր՝ հուլիսի 1-ին, պահանջում էին կառավարության անդամների հետ հանդիպում, որ կամ երկարաձգեն պայմանագրերը կամ այլընտրանք առաջարկեն իրենց։ Աշխատակիցները բացել են երկաթգիծը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ հանդիպելու նպատակով։ News.am-ի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը պատմել է, որ աշխատակիցները գոնե ստանում էին աշխատավարձի 2/3-ը ու որոշ չափով հոգում իրենց հոգսը, հիմա չգիտեն՝ ինչպես ապրեն։

«Մեզ զգուշացրել էին, որ պայմանագրերը մինչեւ հունիսի 30-ը լուծարվելու է, բայց աշխատանքից ազատվելու դեպքում մեզ տարբերակներ էին առաջարկել։ Վարչապետի մակարդակով խոստացել էին, որ արդեն վերագործարկված «Թեղուտի» հանքավայրում պետք է աշխատեինք նաեւ մենք։ Մինչեւ հիմա գոնե 1 հոգի չի աշխատում այդ հանքավայրում, որ գոնե ասես՝ ինչ-որ մի ձեւով իրենց ասածներին տեր են կանգնել։ Ոչ մեկին չի հետաքրքրել մեր ճակատագիրը։ Շատ այլ գործարաններից եկել են Թեղուտում աշխատում են, իսկ մեզնից գոնե մեկը այնտեղ չի աշխատում»,- ասել է նա։

Նախկին աշխատակցի խոսքով՝ իրենք ուզում են հասկանալ նաեւ՝ ինչ չափանիշներով են մյուս աշխատողներին թողել, որ աշխատեն գործարանում, իսկ  200-ին՝ ազատել։ Նա հայտնել է, որ Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը նույնպես ցուցարարների հետ է. «Մեր խմբից մի քանիսը գնացել են Վանաձոր հանդիպելու մարզպետին։ Ես վստահ եմ, որ այդ հանդիպումը որեւէ բան չի տալու, մենք էլի ենք հանդիպել, սակայն ապարդյուն։ Հանդիպել ենք նաեւ Տիգրան Ավինյանի հետ, սակայն ապարդյուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ