Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է իրենց տուգանքների մասին տեղեկանալ կայքից:
«Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ:
Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով:
Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում հանձնել հասցեատիրոջը, այն վերադարձվում է ուղարկողին՝ տվյալ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանություն եւ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում: Այդ դեպքում որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելը եւս համարվում է պատշաճ ծանուցում:
Հնարավոր ոչ բարենպաստ հետեւանքներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին եւ վարորդներին հորդորում է ծանուցումների համար օգտվել նաեւ azdarar.am ինտերնետային կայքից եւ իրազեկվել փոստային ծառայության կողմից չհանձնված որոշումների առկայության մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը