10 04 2019

Ոչ մի ղեկավար այդկերպ չի վարվում իրենից 5-6 դաս ներքև գտվող աշխատակիցների հետ



Վարչապետ Փաշինյանն օրերս այցելելով Գյումրի՝ բնակիչներին գուցե խոստումներ էր տվել կյանքն աշխուժացնելու, տնտեսապես զարգացնելու։ Բայց, վստահաբար, այն, ինչ անում է այդ ուղղությամբ, աբսուրդ է։

Մասնավորապես, ապրիլի 9-ին այցելելով մաքսատուն, հետո ֆեյսբուքյան էջում գրեց․ «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»:

Այս որոշմանը ոչ մի այլ բացատրություն չի կարելի տալ, քան՝ աբսուրդային։

Եթե կա հաշվարկ, որ Հանրապետություն ներկրվող ավտոմեքենաների 90 տոկոս և ավելին տեղափոխվում է Գյումրի, ուրեմն արդարացված է։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս հասկանալ որոշումը։ Քաջարանի կամ Մարտունու բնակիչն ավտոմեքենան պետք է հասցնի Գյումրի՞։

Արդյո՞ք մեր կառավարությունը որևէ որոշում կայացնելուց, որևէ գերատեսչություն որևէ վայրում տեղակայելուց առաջ հաշվի առնում է դրա հարմարեցումը քաղաքացիներին։

Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, պարզապես հայտարարություն է արել, իսկ մասնագետները, հույս ունենք, կունենան այդքան խիզախություն՝ բացատրելու որոշման անմտությունը։

Բայց ամենից վատը դա չէ, որ մաքսատունը կտեղափոխվի, անհարմարություններ ու ավելորդ ծախս կլինի թե՛ բյուջեի, թե՛ քաղաքացիների վրա։ Ամենից վատը նախադեպն է։ Ինչպե՞ս, ի՞նչ իրավիճակում, ի՞նչ պատճառով է որ կայացվում է նման որոշում։

Մենք, իհարկե, չգիտենք, բայց այն, ի՞նչ տեսանք այսօր երկրի ղեկավարի պահվածքի առումով և այն, ինչ նա այդ ամենից հետո որպես գրառում զետեղեց Ֆեյսբուքում, մեղմ ասած՝ մտահոգիչ է։ Այսինքն, մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չունի սառնասրտության ու զսպվածության նույնիսկ չնչին ունակություն, որ տեսածը ֆիքսի, հետո ավելի նեղ շրջանակում քննարկի պարզի տեսածի պատճառները, եթե կան մեղավորներ՝ ովքեր են, քանիսն են, այնուհետև կամ ինքը կայացնի որոշում, կամ հանձնարարի շտկել, այնպես ինչպես իրեն կպահեր ցանկացած միջին կոլեկտիվ ունեցողը։ Իսկ ամեն չնչին առիթի այդտեսակ ջղաձգումը, աշխատակիցներին անձամբ ազատելն աշխատանքից՝ գոռգոռալով, օրենքի խախտումով, տեսախցիկների առաջ պաշտոնի ուժ ցուցադրելով, լավ բանի չի հանգեցնի։ Վաղվա զայրույթի ժամանակ էլ գուցե իսկանդե՞ր թռցնել տա այս ու այն կողմ։

Պարոն վարչապետ, հուշենք, որ իրեն հարգող ոչ մի ղեկավար իրեն այդկերպ չի պահում իրենից 5-6 դաս ներքև գտվող աշխատակիցների հետ, էլ չասենք՝ անձամբ չի ազատում աշխատանքից՝ նվաստացնելով թե նրան, թե նրա ղեկավարներին, թե՝ իրեն ու իր բարձր պաշտոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ