Կենդանաբանական այգու վագրերից մեկի մոտ լեյկոզ է ախտորոշվել: Այս մասին հայտնում են Կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախորդ շաբաթվա սկզբում Կենդանաբանական այգու վագրերից Բինգոն վատառողջ լինելու նշաններ է դրսևորել, թույլ է եղել, քիչ է դուրս եկել զբոսանքի: Կենդանաբույժի ձեռնարկած մասնագիտական միջամտությունից հետո վագրի մոտ դրսևորվել են կազդուրման նշաններ, սակայն ուրբաթ օրը խնամողները նրա քթից արնահոսություն են նկատել:
Հրավիրվել է օնլայն կոնսիլիում՝ Մոսկվայի, Թեհրանի և Ամստերդամի կենդանաբանական այգիների գլխավոր անասնաբույժների մասնակցությամբ, որի ընթացքում որոշվել է թմրեցնել կենդանուն, որպեսզի հնարավոր լինի սոնոգրաֆիայի եղանակով զննել նրան և վերցնել կենսաբանական նմուշներ ախտորոշման և բուժման հետագա ընթացքը որոշելու համար:
Սոնոգրաֆիան ցույց է տվել, որ կենդանու մոտ կա ընդգծված երիկամային անբավարարություն, իսկ արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է լեյկոզ:
Ախտորոշումից հետո կրկին հրավիրվել է օնլայն կոնսիլիում. այժմ մշակվում է բուժման սխեման, իսկ առաջիկայում Հայաստան կժամանեն մասնագետներ իրավիճակին տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
Տեղեկացնենք, որ կենդանու տարիքը հստակ չէ. նրան Կենդանաբանական այգի են բերել 2010 թվականին՝ պոչն ամպուտացված վիճակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը