15 03 2019

Նոր Զելանդիայի ահաբեկչի զենքերից մեկի վրա հայերեն գրություն է նկատվել

Նոր Զելանդիայի ահաբեկչի զենքերից մեկի վրա հայերեն գրություն է նկատվել

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթում մարտի 15-ին առավոտյան կրակ բացած 28-ամյա տղամարդու իրերի մեջ իրավապահները հայտնաբերել են տարբեր հակաիսլամական գրություններով զենքեր, որոնցից մեկի վրա նկատվել է նաև հայերեն գրություն: 

Ինքնաձիգներից մեկի վրա սպիտակ ներկով գրված է «Սարիղամիշի ճակատամարտ»: Գրության փաստն արդեն ուշադրության է արժանացել ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցների կողմից, երևում է Daily Mail-ի հրապարակած լուսանկարներում :

Հայտնի է, որ ավստրալացու զենքերից մեկի վրա գրված է եղել նաև Վրաստանի թագավոր Դավիթ Շինարարի անունը, որը պայքարել է հարևան մուսուլմանական ամիրայությունների դեմ:  

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ արդյոք Հայաստանի համապատասխան մարմիններն ուշադրության տակ առել են այն հանգամանքը, որ Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն գրություն կա:

«Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի պատկան մարմինների հետ՝ դեպքի հետ կապված բոլոր հարցերի շուրջ»,-նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Զենքերի վրա գրություններ են առկա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է տեղեկությանը՝ նշելով, որ համագործակցում է գործընկերների հետ, որպեսզի պարզի մանրամասներ Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ