09 03 2019

Բագրատաշենում 254 կգ չհայտարարված ապրանք են հայտնաբերել

Բագրատաշենում 254 կգ չհայտարարված ապրանք են հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Վ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան: Ուղևորները թեպետ հայտնել են, որ մեքենայում չկան հայտարարագրման ենթակա ապրանքներ, սակայն տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել են ավտոմեքենայի համար նախատեսված ակրիլային ծածկոցներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կասկածելով, որ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի բեռնախցիկից, պահեստային  անվադողի համար նախատեսված հատվածից, շարժիչի ծածկոցի տակից և կառավարման վահանակի միջից հայտնաբերվել են ընդհանուր քաշով 254կգ ակրիլային լաքեր և կարծրացուցիչներ:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ