Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԿԳ նախարարն իր գործունեությունը սկսեց ավագ դպրոցների բարեփոխման Արարատյան բակալավրիատի հունի մեջ մտնող ծրագիրը սառեցնելով, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում, հայտնի չէ։ Այդպես էլ չի երևում, թե ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ օրենքի իրականացման ուղղությամբ ի՞նչ է արվում, դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է։Ուզում եմ բարձրացնել շատ կարևոր մի հարց, 2014թ․ սկսել ու 2019-ին, այսինքն այս տարի ավարտվելու է Համաշխարհային բանկի 3-րդ վարկային ծրագիրը՝ $37․5մլն արժողությամբ, որով նախատեսվում է հանրակրթության որակի բարելավում, մասնավորապես 17 ավագ դպրոցների վերանորոգում, բուհական կրթության բարելավմանն աջակցող <Նորարարությունների մրցակցային հիմնադրամի> ֆինանսավորում։
Հայտնի է, որ 2016թ-ին $0․5 մլն նախատեսվել էր ծախսել վարկային ծրագրի 1․4 բաղադրիչի՝ <1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագիրը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ․ հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին> վրա ,որը մնացել է ինչ-որ դարակներում, մնացած բաղադրիչների իրականացման ընթացքի մասին ոչինչ չգիտենք ու այնպիսի տպավորություն է, որ ԿԳ նախարարությունը դեռևս սառեցնելով կամ վարքականոններ մշակելով է զբաղվում, այնինչ ոլորտը կարիք ունի թարմ ասելիքի ու անելիքի, դեռևս չեն զգացվում բարի, արմատական,նրա փլուզումը կասեցնող քայլեր։ Անցած 8 ամիսներին դրանք արդեն պետք է ուրվագծվեին։ 3-րդ վարկային ծրագրի բովանդակության մասին կգրեմ հոդվածով»։
Արթուր Ղազինյանը Ֆեսյբուքի իր էջում գրում է.
«Արդարություն թե արդարադատություն, կամ ժողովուրդ թե պետություն?
Նորմալ իրավիճակներում այս հարցերը կարող էին տարակուսանք առաջացնել ցանկացած մտածելու ունակ և բանական քաղաքացու մոտ, քանի որ փաստացի հակադրվում են իրար հետ օրգանապես կապված երևույթներ և ինիստիտուտներ:
Բայց այսօրվա մեր իրականությունը, ի թիվս այլ պարադոքսալ իրողությունների, իրար է հակադրել արդարությունն ու արդարադատությունը, ինչը փաստացի հանգեցրել է ժողովուրդն ընդդեմ պետության իրավիճակի:
Արդարադատության հասկացության մեջ «արդար» բառն ունի առանցքային նշանակություն ու նախորդում է «դատել» մյուս կարևոր բառին: Տարրական իրավագիտակցությունից զուրկ մարդկանց կողմից «արդարադատությունն» ընկալվում է իրենց պատկերացրած «արդարի» շրջանակներում «դատելու» գործողություն, իսկ եթե այդ գործողության արդյունքում ընդունվում է այնպիսի որոշում, որը դուրս է գալիս «արդարի» մասին իր ունեցած սահմաններից և պատկերացումներից, ապա որոշումն ընդունող մարմինը, տվյալ պարագայում պետությունը, հայտարարվում է կողմնակալ, կոռումպացված, նախկին ռեժիմին ծառայող, հակահեղափոխական և այդպես շարունակ:
Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում հաճախ շրջանառվեց «ժողովուրդ» բառը` որպես իշխանության առաջնային կրողի: Բանը հասավ նրան, որ նախկին ընդդիմադիրը, որը համատեղության կարգով հանդիսանում է ներկայիս առաջնորդը, հայտարարեց որ «այսուհետ Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը», որ «Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ», որ «կառավարության դուռն իրենց դուռն է, կուզեն կջարդեն» և որ «փողոց փակելու բացառիկ լիազորություն ունի միայն ինքը, որն իրեն տվել է ժողովուրդը»:
Իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով` ընտրելով և ձևավորելով իշխանություն, ինչպես նաև արտահայտելով իր դիրքորոշումը հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ:
Սակայն «ժողովրդի» կողմից ամեն ինչ որոշելու ընթացակարգ ՀՀ Սահմանադրության մեջ սահմանված չէ և չէր կարող սահմանվել, քանի որ ընտրություններից և հանրաքվեներից դուրս «ժողովուրդը» վերածվում է հասարակության և ապրում է իր առօրյա կյանքով:
Եթե մարդկանց համոզում և հավատացնում են, որ այսուհետ իրենք են ամեն ինչ որոշելու, ապա մարդկանց որոշ խմբեր անմիջապես իրենց հռչակում են «ժողովուրդ», ընդունում որոշումներ և ձեռնամուխ լինում այդ որոշումների իրագործման:
Ինչ է լինում արդյունքում? Իրենց «ժողովուրդ» հռչակած շահագրգիռ խմբերը հանդիպում են պետական մարմինների հակադրության, քանի որ իրենց որոշումների հիմքում դրված «արդարությունը» չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և գործող օրենդրությամբ սահմանված նորմերին և կանոններին:
Հակադրման արդյունքում քաղաքակիրթ պետություններում, որտեղ գործում է իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը, հաղթում է պետությունն ու պետական ինստիտուտները, իսկ հակառակ պարագայում պետությունը պարտվում է, իսկ հաղթում է իրեն «ժողովուրդ» հռչակած ամբոխը և պետությունում հաստատվում է ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ:
Դատարանը, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, իրավունք չունի առաջնորդվել իրենց «ժողովուրդ» հռչակած մարդկանց խմբի տրամադրություններով` անտեսելով իրավունքի գերակայությունը: Եթե կալանքի ներկայացված անձը տառապում է անազատության հետ անհամատեղելի հիվանդություններով և ենթակա է ստացիոնար բուժման, ապա դատարանը պետք է մերժի կալանքի միջնորդությունը` որքան էլ որ այդ որոշումը հակասի «այսուհետ ամեն ինչ որոշող ժողովրդի» ընդունած որոշմանը:
Այսօրինակ որոշումներով թուլանում է պետությունը, պետականությունը, հեղինակազրկվում ու արժեզրկվում են պետական ինստիտուտները: Քանի դեռ մեր հասարակության մեջ չի գերիշխում այն համոզմունքը, որ ոչ ոք, բացի պետությունից, փողոց փակելու լիազորություն չունի, որ կառավարության դուռը, ռադիոտան դուռը պետական սեփականություն է և որևէ մեկն այն կոտրելու իրավունք չունի, մենք պետություն չենք ունենա»:
Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է.
«Ջոն Բոլթոն֊Նիկոլ Փաշինյան՝ 1,5 ժամ դռնփակ հանդիպում, արդյունքը՝ դուրս ենք գալիս պատմական կաղապարներից, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, զենք չենք առնում ռուսներից, հայ֊իրանական սահմանի փակման վտանգ, Եղեռնը՝ անախորժություն։
Իլհամ Ալիև֊Նիկոլ Փաշինյան՝ 1,5 ժամ դռնփակ հանդիպում՝ արդյունքը《ուժեղ մանդատով》հարվածներ պետականությանը, խաղաղություն հողի դիմաղ, Արցախի պետականության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի բացառիկ ռեցեսիվացում, օպերատիվ հեռախոսակապ։
Ծիծաղելի է, բայց Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ Նիկոլի իշխանությունը թափանցիկ է ու իրականում իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, որ իրենք որևէ բան են որոշում։
Նախագահ Քոչարյան՝ շուրջ 20 պետություն ճանաչեց Եղեռնը, բացվեց Իրան֊Հայաստան գազամուղը, պատասխան պահանջող հայացքով երբևէ չնայեց, այլ ամենաբարձր ամբիոններից բառացի հայտարարեց՝ Ղարաբաղի հարցը հայ ժողովուրդն արդեն իսկ լուծել է, և բանակցություններն այսօր ունեն մեկ նպատակ՝ օրինականացնել այն, ինչ մենք ունենք այդ հողի վրա։
Դը՜մփ֊դը՜մփ֊հու՜հ»:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն էլ դարձավ ընտրովի արդարադատության Ճրթոյի դուքան՝ «Մարինեանոց»։ Այսպես օրինակ՝ Մանվել Գրիգորյանի գրավի դեմ դատախազի բողոքը բանակում չծառայած դատավոր Արսեն Նիկողոսյանի վրա օրենքի խախտումով մակագրվեց դատարանի նախագահի պաշտքնակատարի կողմից երեք օրվա ընթացքում, իսկ սովորական մահկանացու Կարեն Այվազյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքը մեկ ամիս է չի մակագրվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը