23 01 2019

Ոչխարներին արածեցնելու հարցի շուրջ վեճի ժամանակ քաղաքացին կրակահերթ է արձակել. ՔԿ

Ոչխարներին արածեցնելու հարցի շուրջ վեճի ժամանակ քաղաքացին կրակահերթ է արձակել. ՔԿ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից: 

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Սուրենավան գյուղի բնակիչը ՀՀ ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, համագյուղացին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով  կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի երեք բնակիչների ուղղությամբ: Դեպքի առթիվ  22.01.2019թ. Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սուրենավան գյուղի՝ 1997 թվականին ծնված բնակիչն իր ոչխարները համագյուղացուն պատկանող հողակտորում արածեցնելու և այդ կերպ հասցված նյութական վնասը փոխհատուցելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի 1972, 1984 և 1987 թվականների ծնված բնակիչների ուղղությամբ: Վերջիններս ճանաչվել են տուժող:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի՝ թվով 4 հատ  պարկուճ, երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձին պատկանող  «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:

Նշանակվել է դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ