12 12 2018

Սատկած են գտել բեզոարյան այծերից մեկին

Սատկած են գտել բեզոարյան այծերից մեկին

Հերթական դեպքն է գրանցվել Երևանի Կենդանաբանական այգում: Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու մամուլի ծառայության հայտարարությունից:

Թունավորման հետևանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում:

Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձել է այնտեղ:

Կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից: Թե ինչն է դարձել պատճառ, որ կենդանին փախնի տարածքից, ինչպես նաև՝ կենդանու անկման պատճառը, հանգամանալից ուսումնասիրությունը կպարզի:

Փաստ է սակայն, որ վերջին շրջանում Այգու շուրջ ծավալված իրադարձությունները շարունակվում են, և անհնար է դրանցում չնկատել հետևողականություն և ցանկալիին հասնելու պայքար:

Համոզված ենք, որ քանի դեռ իրավապահ մարմինները ամբողջ ուժով և ծավալով չեն զբաղվել վերջին շրջանում Կենդանաբանական այգում տեղի ունեցած իրադարձություններով և դրանց մեղավորները չեն պատժվել, այս իրավիճակը, ցավոք, շարունակական է լինելու:

Ի դեպ այս դեպքը կրկին մատնացույց է անում Կենդանաբանական այգու տնօրինության բազմիցս բարձրացրած՝ Այգու ամբողջական տարածքի ցանկապատման խնդրի ակտուալությունը:

Կենդանաբանականում այժմ կա 12 բեզոարյան այծ, որոնցից երեքը այգում ծնվել են այս տարի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ