21 11 2018

Գու՞ցե ժամանակն է կանգնեք, ու չփորձեք ամեն գնով 80% խփել. Ավետիք Չալաբյան

Գու՞ցե ժամանակն է կանգնեք, ու չփորձեք ամեն գնով 80% խփել. Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից արված առանցքային հայտարարություններին:

«Ընկերներ ջան

Ես ենթադրում էի, որ ընտրարշավը օրենքով հաջորդ երկուշաբթի օրն է սկսում, ու պատրաստ էի այս շաբաթ էլ խոհեմաբար լռել, բայց երեկ մեր վարչապետի հարգարժան պաշտոնակատարը Մարտունիում իր ակնհայտ նախընտրական ելույթով բացեց ընտրաշրջանը, ու հիմա ստիպված եմ սկսել իր ասածներին արձագանքել։ Իմ գրառումների մեջ որևէ կուսակցական երանգ մի որոնեք, ես պարզապես դեմ եմ, որ մեր երեքհազարամյա ժողովուրդը փակ աչքերով այսպիսի տարօրինակ ընտրություն կատարի այն ժամանակ, երբ վերջապես իր հեղափոխական ակտիվությամբ ընտրության իրավունք է վաստակել, և առաջիկա օրերի ընթացքում պարբերաբար շարադրելու եմ իմ փաստարկները, թե արդյունքում ինչ կլինի, դուք դատեք։

Երեկ Նիկոլը հայտարարեց, որ ինքը այս վեց ամսվա ընթացքում կատարել է ժողովրդին տված բոլոր խոստումները, և դրանով վաստակել է հետագա 5 տարիներին կառավարելու իրավունքը։ Փորձենք տեսնել, թե ինչ խոստումներ են տրվել, և ինչ են կատարվել, վերցնենք մի քանի պարզ օրինակ՝

 

Նիկոլը խոստացել էր, որ հեղափոխական իշխանությունը բերելու է ներդրումների և տնտեսության թռիչքաձև աճի, և որ Հայաստանը գյուղատնտեսական և հանքարդյունաբերական երկրից կդառնա բարձրտեխնոլոգիական երկիր։ Իրականում, իր կառավարման 6 ամիսների ընթացքում տեղի է ունեցել և գյուղատնտեսության, և հանքարդյունաբերության թռիչքաձև անկում, որը սրվել է վերջին երեք ամիսներին (մինչև 20% անկում), դա արդեն հանգեցրել է նրան, որ ընդհանուր տնտեսական աճը տարվա առաջին եռամսյակի ռեկորդային 10%-ից վերջին երեք ամիսներին դարձել ե համարյա զրոյական: Պետական ոլորտում վարձատրության աճը զրոյական է, և հետ է մնում գնաճից։ Ինչն ավելի վատ է՝ Նիկոլի թիմում չկա գեթ մի լուրջ տնտեսագետ, որը շատ թե քիչ հասկանա, թե ինչ է պետք անել տնտեսության հետ, և ոչ մի երաշխիք չկա, որ ընտրություններից հետո ինչ որ բան փոխվի։

 

Նիկոլը խոստացել էր, որ Հայաստանում հաստատվելու է սիրո և համերաշխության մթնոլորտ։ Երևի դա ի սկզբանե պատրանք էր, բայց իրականությունը իսկապես գերազանցում է խելամիտ սպասումները։ Տարվա առաջին ինը ամիսներին հանցագործությունների մակարդակը երկրում է աճել է 11%-ով, իսկ ծանր հանցագործություններինը՝ ամբողջ 34%-ով, սա հսկա թիվ է, մահացու ելքով ավտովթարները աճել են 25%-ով։ Ընդհանուր առմամբ, օդում թևածում է անպատժելիության մթնոլորտը, դատաիրավական համակարգը կենտրոնացած է քաղաքական օրակարգը սպասարկելու վրա, և քրեական հանցագործների համար դա բացառիկ հնարավորություն է ստեղծել։ Թե որքան է այս ընթացքում բևեռացել հասարակությունը, և որքան ատելություն է հրահրվել նրա տարբեր մասերի միջև, նույնիսկ ասելու բան չի, պարզապես բավական է երբեմն բացել Ֆեյսբուքի պատը՝ համոզվելու դրանում։

 

Նիկոլը խոստացել էր, որ ապահովելու է ընտրությունների ազատություն, և գողացված քվեն վերադարձնելու է ժողովրդին։ Իրականում, հանրապետության բոլոր խոշոր բնակավայրերում տեղի ունեցած տեղական ընտրությունները անցան իր իսկ անմիջական միջամտությամբ, քաղաքական հակառակորդների նկատմամբ կոշտ հոգեբանական ճնշմամբ, և ընտրողների ցածր մասնակցությամբ։ Հրազդանում ընտրությունները ընդհանրապես ցինիզմի բարձրակետն էին, պետական մեքենան օգտագործվեց սեփական հավատարիմ կուսակցի պատանի որդուն ամեն գնով քաղաքապետ սարքելու վրա, կարծես դրա համար չէր մինչ այդ ժողովուրդը ատում նախորդ իշխանություններին։ Զգալով սեփական վարկանիշի անխուսափելի անկումը, Նիկոլը դրժեց նաև իր կարևորագույն խոստումը՝ բարեփոխել ընտրական օրենսգիրքը, և գնաց հապճեպ ընտրությունների հին օրենսգրքով, որից առաջին հերթին շահելու է հիմա ՀՀԿ-ն, և տուժելու են նոր առաջացող քաղաքական ուժերը, որոնք այլևս ժամանակ չունեն ընտրություններին մասնակցության նորմալ հայտ ներկայացնելու։

 Եթե այսքանը բավարար չի, հաջորդ անգամ կներկայացնեմ նոր փաստարկներ։ Մինչ այդ, գիտակցելով, որ գրածս կարդում են նաև Նիկոլի հավատարիմ զինակիցները, ցանկանում եմ ձեզ հարց տամ՝ դուք ձեր վերջին վեց ամսվա արածից գոհ եք՞։ Դուք համոզված եք, որ երկիրը կառավարելու ինստիտուցիոնալ կարողություն ունեք՞։ Համոզված եք, որ ժողովրդին իսկապես առաջնորդում եք դեպի ավելի երջանիկ ապագա՞։ Թե՞ ձեր նպատակը ընդամենը իշխանություն գրավելն ու սեփական հավակնությունները բավարարելն էր։ Գու՞ցե ժամանակն է կանգնեք, ու չփորձեք ամեն գնով 80% խփել, այդ պատասխանատվության տակից դուրս գալը ձեր իրական կարողություններով բոլորովին հեշտ չի լինելու»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ