Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել: Կենդանաբանական այգու տնօրենը կասկածներ ունի, թե ովքեր կարող են դա արած լինել, սակայն քննության արդյունավետության նպատակով դեռ չի նշում անունները:
Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Ցավոք, հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները: Արվել է փորձաքննություն պատկան պետական մարմնի կողմից, դիահերձա-դատաբժշկական փորձաքննություն է արվել, որով բացահայտվել է, որ մկնդեղի քանակ կա զեբրի արյան մեջ: Սա անթույլատրելի երևույթ է. որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել: Զեբրի թունավորման համար կան կասկածներ, որոնց մասին չեմ կարող ասել՝ քննության արդյունավետությունից ելնելով: Գործը գտնվում է իրավապահ մարմինների մոտ»,- ասաց Խաչատրյանը:
Պատասխանելով այն հարցին, թե աշխատակիցներն արդյո՞ք ներգրավված են, և այդ դեպքում կա՞ դիտավորություն, այգու տնօրենն ասաց. «Աշխատակիցներ ներգրավված են, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ դիտավորություն կա, դա հաստատ է»:
Խաչատրյանը նկատեց, որ իր նշանակվելուց ի վեր ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրում, ալիք է բարձրանում կենդանաբանական այգու տնօրենին փոխելու համար: «Ամեն անգամ նման ալիքի հետևում տարբեր մարդիկ են՝ նախկին կամ ներկա աշխատակիցներ: Բոլոր կետերը զրպարտանքներ են»,- եզրափակեց նա:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նաև նշեց, որ Կենդանաբանական այգում 2011 թվականին 213 կենդանատեսակ կար, այս պահին 143-ն է։
Նա հավաստեց, որ երբ ինքը դարձավ տնօրեն, կենդանիների գույքագրում չկար. «Շատ կենդանատեսակներ ֆիքսված էին թղթով, բայց իրականում չկային։ Վերջին փաստացի ֆիքսված ցուցակով, երբ անցանք այդ ամենի վրայով, կրճատում եղավ տեսակների, որոնցից մեծ մասը ձկնատեսակներ»։
2011 թվականին շատ կենդանատեսակներ բավականին տարեց էին, ասաց Խաչատրյանը, ձմեռոցներ չունեին. անկումների պատճառ դարձավ նաեւ բնական գործոնը։
«Կենդանատեսակների բազմությամբ չէ, որ կենդանաբանական այգին պետք է պարծենա, այլ ճիշտ պահելու։ Կարող է ընդամենը 50 տեսակ ունենալ, բայց լավ պահպանված»,– ասաց նա։
Կենդանաբական այգու մամուլի քարտուղար Ռուբեն Աբրահամյանը հիշեցրեց 2018–ի հունվար–փետրվարյան տուբերկուլյոզը, որի հետևանքով կորցրին 30 կենդանի։
Ռուբեն Խաչատրյանը մտադիր է բոլոր կենդանատեսակները վերադարձնել Կենդանաբանական այգու հաշվեկշիռ։ Նա սխալ է համարում, որ որոշ կենդանատեսակների քնեցումը կամ փոխանակումը կատարվում է Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը