Նոյմբերի 15-ին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվեց, եթե մենք վաղն իսպառ վերացնենք կարմիր գծերն ու արագաչափերը, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ ինչ-որ բան կկատարվի՞։
Հովհաննես Քոչարյանը ձեռնպահ մնաց կարմիր գծերի մասով հարցին անդրադառնալուց, իսկ ինչ վերաբերում է արագաչափերին, փոխոստիկանապետն ասաց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ արագաչափերի տեղադրումը 2012 թ-ից և ընդհանրապես տեխնիկական վերահսկողության միջոցների օգտագործումը երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելիս կրճատել է մահերի թիվը 11%-ով: «Այսինքն՝ եթե այսօր տարեկան միջինը ունենք 300 մահ, ապա արագաչափերի բացակայության պարագայում այդ թիվը 11%-ով ավելի կլիներ»,- ասաց նա:
Մելքումյանը նշեց, որ ընդունում է, որ որոշակի կարգավորում է տվել արագաչափերի տեղադրումը, բայց նաև վարորդների վարքագծի փոփոխություն է եղել՝ ըստ նրա: «Բայց այնպես չէ, որ հենց հանեցին, միանգամից մոռանում է այդ 6 տարիների վարքագիծը»,- ասաց նա: Փոխոստիկանապետը նշեց, որ համաձայն չէ, երթևեկության ոլորտում օրինաչափություններ են գործում. «Դուք գիտեք, որ քաղաքական փոփոխություններից հետո ոստիկանությունը որոշակիորեն մեղմացրեց պատասխանատվության քաղաքականությունն այդ ոլորտում, և արդյունքները միանշանակ հանգիստ լինելու առիթ չեն տալիս:
Այնուամենայնիվ, այդ մեղմացումը որոշակի դժգոհություններ բերեց, հասկացանք, որ վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ են տեղի ունենում, և արագաչափերի զսպող նշանակությունը իրոք մեզ համար ակնառու է, և այս հարցում ոստիկանությունը կայուն տեսակետ ունի: Մենք այն կարծիքին չենք, որ արագաչափերը պետք է թվով ավելանան, հակառակը՝ մենք եկել են այն եզրահանգման, որ պետք է մոնիտորինգ անցկացվի արագաչափերի տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար և վթարածին տեղանքներում, հաշվի առնելով երթևեկության իրական սպառնալիքների առկայությունը, տեղադրվեն արագաչափեր։ Եվ կարծում եմ, որ արագաչափերի քանակը էականորեն կկրճատվի»,- եզրափակեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը