Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բաց նամակ է հղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Արդեն տևական ժամանակ է ինչ հանրային տարբեր հարթակներում, ի թիվս հանքարդյունաբերության վերաբերյալ տարածվող այլ միֆերի, շրջանառվում է որևէ գիտական հիմնավորում չունեցող այն թեզը, թե Հայաստանում քաղցկեղի պատճառը հանքարդյունաբերությունն է: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, որում ներգրավված են ոլորտում գործող գրեթե բոլոր կազմակերպությունները, իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ նման ոչ կոմպետենտ հայտարարությունները ուղղակի հարվածի տակ են դնում երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղի նորմալ գործունեությունը:
Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է այնպիսի զարգացած երկրների տնտեսության լոկոմոտիվը, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Շվեդիան և այլն: Ակնհայտ է, որ այն շարունակելու է լինել նաև Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը, ուստի բոլորիս շահերից է բխում ունենալ զարգացած, բնապահպանական եւ սոցիալական բոլոր ստանդարտները պահպանող բնագավառ:
Մինչդեռ ոլորտի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը, որոնցից մեկն էլ Հայաստանում քաղցկեղի պատճառների վերաբերյալ հետևողականորեն տարածվող անհիմն հայտարարություններն են, շեղում են ոլորտը զարգացնելու իրական խնդիրներից և չեն նպաստում դրանց լուծումներին:
Հաշվի առնելով վերը շարադրվածը ակնկալում ենք Առողջապահության նախարարությունից տրամադրել ստորև ներկայացված հարցերի պատասխանները:
1. Արդյոք ուսումնասիրվե՞լ են Հայաստանում քաղցկեղի առաջացման պատճառները, կա՞ որևէ ապացույց հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի վերաբերյալ:
2. Եթե այո, խնդրում ենք ներկայացնել ուսումնասիրության մանրամասները, մեթոդաբանությունը, եթե ոչ, խնդրում ենք հրապարակել նման ուսումնասիրության բացակայության մասին տեղեկատվություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը