«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը հոկտեմբերի 31-ին լրագրողներին ներկայացրեց 1106 անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքները:
Հարցման թեմաներից մեկն էլ եղել է Ղարաբաղյան հիմնահարցը: Նավասարդյանն ասաց, որ քաղաքացիներից հետաքրքրվել են, թե, նրանց կարծիքով, որքանո՞վ է հավանական, որ մոտ ապագայում կլինեն պատերազմական գործողություններ, քանի որ, համաձայն մամուլում տարածված հաղորդագրությունների, ադրբեջանական զորքերի կուտակումներ և ակտիվացումներ են նկատվում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Հարցվածների 30.5 տոկոսի կարծիքով՝ ավելի շուտ հավանական չէ պատերազմի վերսկսումը, իսկ 29.4 տոկոսի կարծիքով էլ՝ ընդհանրապես հավանական չէ: 27.4 տոկոսի հավաստմամբ` պատերազմի վերսկսումն ավելի շուտ հավանական է, և միայն 8 տոկոսի կարծիքով՝ շատ հավանական է պատերազմական գործողությունների վերսկսումը:
Մեկ այլ հարցի` ո՞ր կառույցը կամ երկիրը պետք է երաշխավորի ՀՀ անվտանգությունը, հարցվածների գերակշիռ՝ 40 տոկոսը պատասխանել է՝ ՀՀ-ն պետք է ապահովի իր անվտանգությունն առանց այլ կառույցների միջամտության: Քիչ տարբերությամբ՝ 39.7 տոկոսի կարծիքով էլ՝ Ռուսաստանը պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը: ՆԱՏՕ-ի հետ հույսեր է կապում հարցվածների 9 տոկոսը, իսկ ՀԱՊԿ-ի հետ՝ 3.9 տոկոսը:
«GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներին ուղղված հարցին, թե ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա մարտի 1-ի դեպքերի հետ կապված գործը, հարցվածների 24.7 տոկոսը պատասխանել է, որ մեղավորները կկարողանան խուսափել պատժից:
Մեկ այլ հարցի` Մարտի 1-ի գործով ովքե՞ր պետք է հարցաքննությունների կանչվեն, հարցվածների 86.3 տոկոսը պնդել է, որ պետք է նախկին իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին ու նրանց թիմի ներկայացուցիչներին նախ հարցաքննել: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին և այլ ընդդիմադիր գործիչների հարցաքննության կանչելուն միտված է քաղաքացիների 52.4 տոկոսը:
Հարցվածների (1106 անձ) գերակշիռ մասը՝ 66.2-ի տոկոս, լիովին դրական է գնահատել ԱԱԾ-ի գործողությունները, իսկ ընդհանրապես բացասական՝ 1.4 տոկոսը: Հարցվածների 56.7-ն էլ դրական է համարել ոստիկանության աշխատանքները, իսկ 2.3 տոկոսի կարծիքով՝ դրանք լիովին բացասական են եղել: Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի՝ վերջին երեք ամիսների աշխատանքին, ապա հարցվածների 52.6 տոկոսն այն դրական է գնահատել, և միայն 2.9 տոկոսն է դրան բացասական գնահատական տվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը