Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց՝ նոր իշխանությունները պետք է վճարովի ավտոկայանատեղիների հարցով նոր ռազմավարություն մշակեն:
«Կարմիր գծերի հետ կապված որևէ հստակեցում չկա, վարորդները դժգոհում են, որ նորից կարմիր գծերը թարմացնում են. հիմա մի քիչ ավելի դուխով են կարմիր գծերը գծում»,-նշեց նա:
Խաչատրյանի խոսքով՝ կարմիր գծերի հարցով հանրությունը երկու մասի է բաժանած. մի մասը կողմ է, որ կարմիր գծեր լինեն, մի մասը՝ ոչ: «Կարմիր գծերի սպասարկումը զրո է, պատասխանատվություն ու հստակություն չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց նպատակը ոչ թե կարմիր գծերը վերացնելն է, այլ վճարովի ավտոկայանատեղիները խելամիտ օգտագործելը:
Արտակ Խաչատրյանի խոսքով երթևեկելի գոտու վրա կարմիր գծեր գծելուն պետք է փոխարինեն այլընտրանքային ավտոկայանատեղիները: «Զարգացած երկրներում բազմահարկ ավտոկայանատեղիներ կան, Երևանում էլ հնարավոր է այդ հարցը լուծել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը շաբաթներ առաջ խոսելով կարմիր գծերի խնդրի մասին, ասել էր. «Կարմիր գծերի եւ այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային բյուջե, եւ ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով»։
Արտակ Խաչատրյանը նաև նշեց՝ Երևանում ճանապարհային ոստիկանները գերծանրաբեռնված են աշխատում, քանի որ ավելացել են վթարների քանակը:«ՃՈ-ում չեն ավելացնում աշխատակիցների քանակը, մարդիկ ծանրաբեռնված աշխատում են, վթար են սպասարկում: Վթարների քանակով ռեկորդ ենք խփում, հասնում ենք Մոսկվային»,-նշեց նա՝ հավելելով, որ վթարների ավելացման պատճառը ոչ միայն Հայաստան բերվող ավտոմեքենաների քանակի աճն է, այլեւ երթեւեկությունը չկանոնակարգելը:
«Խնդիրն այն է, որ ՃՈ-ն չադապտացվեց, գլուխ չհանեց նոր իրավիճակում ինչ ռազմավարություն վարի. մի մասը կողմ է խստացումներին, մյուսն՝ ազատականացմանը: ՃՈ-ն ոչ համարձակ է գործում, բայց վերջիվերջո վթարների ավելացման պատասխանատուն նա է»,-ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս ապահովագրական ընկերություններոը հրաժարվում են Երեւանում վարորդների հետ պայմանագրեր կնքել, քանի որ վնասաբերությունը մեծ է: «Խնդիրը երթեւեկությունը կանոնակարգելն է, պետք է նորարարություններ մտցնեն, գիշերային ժամերին փոխեն լուսացույցների ռեժիմները եւ այլն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը