26 09 2018

Անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ․ Բիչախչյան

Անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ․ Բիչախչյան

Սեպտեմբերի 26-ին մամուլում գրել էին, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ վերջին օրերին 254 անձանց զրկել են դիվանագիտական անձնագրից, բայց թե ովքե՞ր են նրանք, անուններ հրապարակել չեն կարող, քանի որ դա անձնական տվյալ է համարվում:

«Մենք պարբերաբար դիմում ենք, որ նրանք, ովքեր ունեն նման անձնագիր, սակայն օրենքով չի հասնում նրանց այդ անձնագիրը, հետ վերադարձնեն այն: Մենք նաև ինքներս ենք ժամանակ առ ժամանակ ստուգում և վերցնում այդ անձնագրերը: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում սահմանված է այն անձանց ցուցակը, որոնք կարող են կրել ՀՀ դիվանագիտական անձնագիր»,- ասաց Բալայանը:

Դիվանագիտական անձնագրի վավերականության ժամկետը հինգ տարի է, և օրենքը սահմանում է, որ պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագիրը պետք է հանձնեն ԱԳՆ-ին: Չհանձնած անձնագրերը ԱԳՆ-ն հայտարարում է անվավեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում էլ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնել է, որ Հայաստանի անձնագրային համակարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասանելիությանը: Բիչախչյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրով նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Նախ՝ ձեռք են բերվելու հերթագրող սարքավորումներ, որոնք կտեղադրվեն անձնագրային ծառայություններում:

«Սա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը, նաև որևէ աշխատակից չի կարողանալու իր հարազատին, ծանոթին, բարեկամին հերթից դուրս ծառայություն մատուցել: Ներկայում այդ սարքավորումները ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարված, հենց մրցույթն ավարտվի, կսկսենք սարքերը տեղադրել: Ասեմ, որ նախատեսում ենք մեծ քանակությամբ սարքեր ձեռք բերել»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Մեկ այլ սպասվող փոփոխության մասին. նախատեսվում է անձնագրային ծառայություններում տեղադրել մանրը վերադարձնելու հնարավորություն ունեցող տերմինալներ:«Օրինակ՝ շատ ժամանակ անձը պետք է վճարի 1200 դրամ, սակայն ներկայացել է 2000 դրամով, մնացած 800 դրամը, ասենք, ստիպված փոխանցվում է հեռախոսի համարներին: Հետևաբար, ուզում ենք հարմարավետ պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Առաջիկայում նախատեսվում է զգալի բարեփոխում անձնագրերի տրամադրման ոլորտում: Ներկայում հայտարարվել է միջազգային բիոմետրիկ նոր համակարգ ձեռք բերելու մրցույթ: Հայտավորված կազմակերպություններից նախաորակավորվել է 6-ը: «Արդյունքում կունենանք նոր որակի, նոր սերնդի անձնագրեր, դրանք ավելի դիմացկուն են, սահմանային անցման կետերում չեն պատռվի, չեն փչանա: Քաղաքացին դրանք կարողանալու է օգտագործել ավելի երկար, քան ներկայիս բիոմետրիկ անձնագրերը: Ի դեպ, այս համակարգով փաստաթղթերը սկանավորման եղանակով կպահպանվեն բազայում: Այդ պարագայում քաղաքացիներից պատճեններ չենք վերցնի: Եթե, օրինակ, քաղաքացին ներկայացել է զինվորական գրքույկով և ստացել է անձնագիր, ապա երկրորդ անգամ այն ստանալու դեպքում աշխատակիցը պարզապես կսեղմի կոճակն ու կտեսնի սկանավորված զինվորական գրքույկը և նորից չի պահանջի այդ փաստաթուղթը»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

 Խոսելով վերջին մի քանի ամիսներին անձնագրային համակարգում իրականացրած աշխատանքների մասին՝ նա նշեց, որ կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ծառայության որակը բարձրացնելուն, ավելի մատչելի ու հասանելի դարձնելուն:

«Դրանք հիմնականում վերաբերում են անձնագրավորմանը, հանրային ծառայությունների համարանիշների տրամադրմանը: Փոխել ենք աշխատանքային ժամերը: Եթե նախկինում ժամը 13:00-14:00-ն ընդմիջման ժամ էր, ապա ներկայում անձնագրայինում ընդմիջման ժամը տեղափոխեցինք 14:00-15:00, որպեսզի քաղաքացիներն իրենց ընդմիջման ժամերին կարողանան այցելել անձնագրային բաժիններ»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ