Մոսկվայում ռուսաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանցի գործարար ու բարեգործ Ռուբեն Վարդանյանի միջև վիճաբանություն է ծագել։ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքը արտասահմանյան գործարարների և նրանց հայաստանյան գործունեության նկատմամբ անհարգալից է։
Վարդանյանին ու նրա ընկերներին վիրավորել է այն, որ ՀՀ-ում երկու տարի շարունակ գործող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» փակվում է։ «Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արե՛ք ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը»,- նշել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ երկախոսությունը բարդ բան է ու միշտ չէ, որ մի կողմը կարող է ընդունել մյուս կողմի ասածը։ «Դուք իրավունք ունեք անել ամեն բան, ինչ կապված է ձեր կազմակերպությունների հետ, բայց եթե դա մասնավոր սեկտորի հետ համատեղ է ստեղծվել, իսկ դուք դրան նույնիսկ չեք հարցնում, այլ տեղեկացնում եք, որ պետք է փակեք, ապա կարծում եմ, որ այդ ձևն առնվազն հարգալից չէ»,- ասել է Վարդանյանը։
ՀՀ վարչապետն իր հերթին նշել է, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսվել, և դա անխուսափելի է։ Փաշինյանը հարցրեց՝ ինչ էր անում կենտրոնը, եթե այս երկու տարվա ընթացքում չի կատարել իր առջև դրված խնդիրը։ Գործարարը պատասխանեց, որ ավելի լավ է այդ հարցն ուղղել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։
Փաշինյանը նշեց, որ ինքն էլ է ցնցված ՀՀ-ում գոյություն ունեցած համակարգից։ Վարչապետը բացահայտել է, որ կառավարման պետական համակարգի հետ մեկտեղ գոյություն ունեն տարբեր հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնք զբաղվում են այն բաներով, որոնցով, ըստ էության, պետք է զբաղվեն նախարարությունները, պետական ապարատը։
«Այդ կենտրոններում, հիմնադրամներում աշխատող մարդիկ նախարարներից ու վարչապետից երկու-երեք անգամ ավելի շատ աշխատավարձ են ստանում, իսկ նրանց աշխատանքի արդյունքը զրո է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ երկու կողմերին միավորում է այն, որ նրանք նույն աշխատանքն են անում, մեկը շատ գումար է ստանում, մյուսը՝ քիչ, մեկը թանկ փողկապ է կապում, մյուսը՝ էժան։ «Ասում եմ՝ դադարեցնում ենք դա։ Այսուհետ ոչ ոք ոչ մի բան չանելու համար գումար չի ստանալու»,- ասել է Փաշինյանը։
Գործարար Ռուբեն Վարդանյանն իր հերթին նշել է, որ բիզնեսի հետ ավելի լավ է թվերի լեզվով խոսել, որ խոսակցությունն ավելի առարկայական լինի։ Նա հավելել է, որ կարելի է երկար խոսել ու մտորել այն մասին, թե ինչ է պետք անել ներդրումներ գրավելու համար, սակայն բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն ու լռություն։ Բարերարը հարցրել է վարչապետին, կարելի՞ է արդյոք Հայաստանում կանխատեսելիություն ակնկալել, քանի որ դա բիզնես վարելու կարևոր բաղադրիչն է։
«Ուղիղի ներդրումներից ի՞նչ եկամուտ է լինելու։ Այսօր մենք մրցունակ չենք։ Այս հարցն ուղղել եմ Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, այսօր հարցնում եմ Ձեզ ու Ձեր գործընկերներին»,- նշել է Վարդանյանը։ Վարչապետը հարցով է պատասխանել բարերարին։ «Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ, մամուլը գրում են, խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին, չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզո՞ւմ եք ինձ ցմահ միապետ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա՞. այս առումով այդպես չի լինելու, ժողովուրդը ում որոշեց, որ պիտի լինի իշխանություն՝ նա էլ լինելու է իշխանություն»,-ասել է ՀՀ վարչապետը:
Վարչապետը հավելել է, որ Հայաստանն օգնում է սփյուռքին այնքանով, որ «մերոնքականների» ու «ձերոնքականների» չի բաժանում, նոր Հայաստանի համար բոլորը հավասարաչափ կարևոր են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը