Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ փետրվարի 15-ին, նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգիսը սեր փնտրողների ու գտնողների, սիրո համար պայքարողների ու չհանձնվողների տոնն է:
Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշում է սրբության հաղթանակը մեղքի ու չարի, կռապաշտության հանդեպ: Ժողովրդական բնագրերում զորավորը հանդես է գալիս որդու՝ Մարտիրոսի հետ, որպես երկնավոր ձիավոր, որի հրեղեն ձին սլանում է ամպերի վրայով ու նիզակով խոցում վիշապին:
Զորավարը ոչ միայն իր հավատքի, այլև իր ռազմական հմտության, նվիրումի ու քաջության շնորհիվ տոնել է բազմաթիվ հաղթանակներ` հոգևոր ու աշխարհիկ կյանքում: Նա իր որդու և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի, հանուն Սիրո:
Ավանդությունը պատմում է, երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, Աստված երևում է զորավարին ու ասում. «Ժամանակն է, Սարգի՛ս, որ ելնես քո երկրից ու ժողովրդից, ինչպես նախկինում Աբրահամը, և գնաս ա՛յն երկիրը, որը Ես քեզ ցույց կտամ»:
Սուրբը, ողջ հարստությունը տալով աղքատներին, իր որդի Մարտիրոսի հետ գնում է հայոց Տիրան արքայի մոտ: Արքան իմանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, հորդորում է Սարգսին գնալ Շապուհի մոտ: Շապուհը Սարգսին նշանակում է զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, Սարգսի շնորհիվ, հրաժարվում են հեթանոսությունից: Երբ պարսից արքան պահանջում է, որ քրիստոնյա զորավարը պաշտի կրակն ու զոհ մատուցի, զորավարը մերժում է ու կործանում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի ու նրա որդու վրա:
Նահատակվում է զորավարի որդին` Սուրբ Մարտիրոսը: Սարգիսը բանտարկվում է, սակայն հավատարիմ մնում իր հավատքին: Դահիճը կտրում է սրբի գլուխը, ու նրա մարմինը ողողվում է պայծառ լույսով:
Ավանդույթները պահպանողների տոնը․
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշվել է տարբեր ժողովրդական խաղերով:
Երիտասարդները կերել են աղի բլիթը՝ սպասելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա սիրելիին: Հաջորդ օրը «աղջիկ ժողվրտանքը»-ի ժամանակ հարսնացու աղջիկները հավաքվել են, միմյանց պատմել ու մեկնաբանել տեսած երազները: Պարել են, երգել, կատակել: Փեսացուներն էլ փորձել են հանդիպել սիրելիներին:
Ժամանակին ուրբաթ երեկոյան տանտիկինները ամանով չոր փոխինդ են դրել տան կտուրին կամ դռան ետևում, մոմեր կամ կանթեղ վառել, հուսալով, որ զորավարը կայցելի իրենց տուն՝ իր ձիու պայտի հետքը թողնելով փոխինդի վրա: Պայտի հետքը դիտվում էր երազանքների իրականացման խորհրդանիշ: Տանտիրուհին փոխինդից հետո խաշիլ էր եփում, որ ճաշակում էին տան բոլոր անդամները: Անվանդազրույցը պատմում է՝ կռվելու ընթացքում զորավարի գրպանում եղած օրապահիկ աղանձը վերածվել է փոխինձի: Քաջն այն ճաշակել է ու կարողացել հագեցնել երկարատև քաղցը:
Թվարկածները՝ աղի բլիթի ճաշակումը կամ կտուրին փոխինձ դնելը և այլն, ոչ թե գուշակություններ են, այլ ժողովրդական սովորություններ, խաղեր, որոնց նպատակը առօրյան հետաքրքիր դարձնելն էր, ընտանիքով միասին տարբեր խաղերի մասնակցելը:
Տոնին երեխաները բարձրանում էին երդիկների վրա և երգելով անցքից գուլպաներ կամ քսակներ էին իջեցնում, որ նվերներ ստանան: Տանտիկինները սովորաբար դրանց մեջ դնում էին այդ տոնի ծիսական կերակուրներից և մի քանի մանր դրամ: Տոնից մինչև Բուն Բարեկենդանն ընկած ժամանակահատվածը համարվում էր հարսանյաց արարողությունների մեծ շրջան:
Տոնին մարդիկ գնացել են ուխտագնացությունների: Սուրբ Սարգսի ուխտից վերադարձողը ճանապարհին մեկին հանդիպելիս սովորականի պես չէր բարևում, այլ ասում էր. «Խաչը քեզ ողջույն ղարկե», իսկ հանդիպողը պատասխանում էր՝ «Ողջ մնաս» բարեմաղթությամբ:
Սիրո տոնը՝ այսօր
Սուրբ Սարգսի տոնին Արարատյան Հայրապետական թեմի՝ սրբի անունը կրող երկու եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Այդ օրը Մատենադարանից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում 17-րդ դարում Սուրբ Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Սուրբ Պատարագի ընթացքում լինում է Սուրբ Խորանի վրա: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ՝ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում նաև Սուրբ Սարգսի աջը: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Երիտասարդների օրհնության կարգ, քանի որ տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը