168.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը՝ «ճանաչողական այցերով» շրջելով աշխարհի տարբեր երկրներում, մի քանի անշառ սփյուռքահայերից կազմված «անվտանգ» լսարան է փնտրում՝ ներկայացնելու, ինչպես ինքն է ասում, Հայաստանում տեղի ունեցող «գաղափարական տրանսֆորմացիան»՝ իր գծած «Իրական Հայաստանը»։
Հիմնականում պարզունակ ձևակերպումներով համեմված իր այդ մենախոսությունների գլխավոր իմաստն այն է, որ մեր բոլոր դժբախտությունների մեղավորը մենք ենք՝ սկսած Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի կորուստ։ Իսկ դրա պատճառն էլ, ըստ նրա, այն է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում տիրապետել է այլ երկրներում, աշխարհաքաղաքական կենտրոններում մշակված, ինչպես ինքն է ասում՝ «կայսերական գաղափարախոսությունը», որը Հայաստանին զրկել է իրական անկախությունից ու ինքնիշխանությունից։
Այս մանիպուլյատիվ, քարոզչական կամպանիան «գաղափարախոսական տրանսֆորմացիա» անվանելու համար առնվազն պետք է զուրկ լինել որևէ գաղափարախոսությունից ու գաղափարից, ինչպիսին որ ՔՊ-ն ու նրա ղեկավարն է։
Բայց եթե անգամ մի պահ ընդունենք, որ նրա կողմից ներկայացվող այլասերված թեզերն ինչ-որ աղերս ունեն գաղափարների կամ գաղափարախոսության հետ, ապա դրանից բխող միակ հետևությունն այն է, որ Փաշինյանն ինքն այսօր զբաղված է նոր «իմպերիալիստական գաղափարախոսության» քարոզչությամբ, այն տարբերությամբ, որ այլևս իմպերիայի դերում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան է։
Փաշինյանի ներկայացրած բոլոր թեզերը՝ առանց բացառության, մեծ գովասանքի են արժանանում թուրքական քաղաքական, փորձագիտական շրջանակներում, թուրքերը խոստովանում են, որ երազել անգամ չէին կարող Թուրքիայի շահերն այսքան հետևողականորեն առաջ մղող Հայաստանի ղեկավարի մասին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի «իրական ինքնիշխանությունն ու անկախությունն» ամբողջությամբ ենթարկեցնում է թուրքական տիրապետությանը, ինչը հօդս է ցնդեցնում նրա «գաղափարական տրանսֆորմացիայի» մոտիվացիայի մասին առասպելը։
Դա առավել քան ակնհայտ է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանն արդեն գտնվում է նախընտրական ժամանակահատվածում, և եթե ոչ այս, ապա հաջորդ տարի կայանալու են խորհրդարանական ընտրություններ։
Ընտրություններից առաջ գործող իշխանության կողմից հայկական ինքնության, պատմական հիշողության դեմ ու նախնիների հիշատակի պղծմանն ուղղված քարոզչությունը նշանակում է, որ այդ իշխանությունն իրականում թքած ունի քաղաքացիների քվեի, ընտրությունների իրական արդյունքների վրա՝ վստահ լինելով, որ իշխանությունը ձևավորվելու է ոչ թե քաղաքացիների կամարտահայտությամբ, այլ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առևտրում, որտեղ այսօր տիրապետողը Թուրքիան է։
Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության ներկայացուցիչների վերջին շրջանի ելույթներն իրականում ամբողջությամբ նախընտրական ելույթներ են, այն տարբերությամբ, որ դրանք ուղղված են ոչ թե հայկական լսարանին/ընտրազանգվածին, այլ ադրբեջանաթուրքական իսթեբլիշմենթին։ Նաև դա է պատճառը, որ Հայաստանի իշխանության վերնախավում այլևս չթաքցվող մրցավազք է սկսվել՝ «ում դեմքին ամենաշատը կթքի հայ հասարակությունը» նոմինացիայով։
Հաշվարկը պարզ է՝ այդ մրցավազքում հաղթողն ամենամեծ շանսերը կարող է ունենալ ադրբեջանաթուրքական հավանությանն արժանանալու հարցում։ Արցախին ու արցախահայերին ուղղված իր վերջին անբարոյական հայտարարություններով, Ալեն Սիմոնյանն ընդամենն ազդակ էր հղում, որ հակահայկականության հարցում ինքը կարող է գերազանցել անգամ Նիկոլ Փաշինյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը