Monument Watch-ն ահազանգում է․
«2025 թվականին Արարատ Պողոսյան օգտատերը համացանցում արբանյակային պատկերներով տեսանյութ էր հրապարակել , որով հավաստվում է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ 2019 և 2024 թվականներին արված արբանյակային պատկերները փաստում են գյուղի հիմնահատակ ավերումը։
Հարկ է նշել, որ բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Մարիամաձոր գյուղը Հադրութի գեղատեսիլ գյուղերից էր (նկ․ 1)։
Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են 16-17-րդ դարերի Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թ.), Շենին կամուրջը, Վնեսաբերդ ամրոցը և այլն։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագիրը մանրամասն նկարագրել է գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին (նկ․ 2), որը գտնվում էր գյուղի հարավ-արևմտյան մասում։ Եկեղեցին կառուցվել է 1601 թվականին, որի մասին վկայում է մուտքի բարավորի վրա թողնված արձանագրությունը՝ «Թվ[ին] ։ՌԾ։»: Ըստ Մ․ Բարխուդարյանցի հյուսիսային կամարի վրա արձանագրված էր եկեղեցին կառուցողի հիշատակագրությունը՝ «Ես Ազարիա աբ[ե]ղա Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր», նույն կամարի մյուս կողմում, մեկ այլ արձանագրություն՝ «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին․․․» (մանրամասն տես՝ Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին):
Իսկ գյուղամիջով հոսող վտակի վրա գտնվում էր Շենին կամուրջը (նկ․ 3), որն իրար էր կապում գյուղի երկու հիմնական թաղամասերը: Կամրջի անմիջական հարևանությամբ գտնվում է Շենին աղբյուրը (տես՝ Մարիամաձորի Շենին կամուրջը):
Գյուղում էր գտնվում նաև Վնեսաբերդ ամրոցը՝ հիմնված 12-14-րդ դարերում, որը ծառայել է մինչև 18-րդ դարը։
Մեր արձագանքը
Մարիամաձոր գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները (Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին - Monument Watch) ։ Գյուղին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում ։
Մարիամաձոր գյուղի ոչնչացումը պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն ( 8-րդ հոդված, 2-րդ կետ, բ) մաս, ix դրույթ):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը