100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Նախկին նախագահ Ջիմի Քարթերը, մարդ, որը վերաիմաստավորել է, թե ինչպիսի կյանք կարող է լինել նախագահությունից հետո, մահացել է կիրակի օրը: Նա 100 տարեկան էր»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի ուշ Ջիմի Քարթերի բարեգործական հիմնադրամը հաստատել է այս տեղեկությունը։
Քարթերի մահվան կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը սգո օր է հայտարարել ։
Բայդենի հրամանի համաձայն՝ երկրի և արտերկրի պետական հաստատություններում 30 օրով կիջեցվեն ազգային դրոշները։
Քարթերի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում։
ԱՄՆ 39-րդ նախագահ (1977-1981թթ.) Ջիմի Քարթերը դարձել է Սպիտակ տան առաջին ղեկավարը, որը հասել է 100 տարեկանի: Քարթերի վարչակազմի աշխատանքը բնութագրվում էր ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների վատթարացմամբ։ Իր պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո նա զբաղվել է բարեգործությամբ։ Իր կարիերայի ընթացքում քաղաքական գործիչը բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ (2002 թ.)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը