18 12 2024

«Ոստիկանը կնոջս մասին ասաց՝ **-ին ասա, թող ձենը կտրի». Ոստիկանները ծեծել են առևտրականին

«Ոստիկանը կնոջս մասին ասաց՝ **-ին ասա, թող ձենը կտրի». Ոստիկանները ծեծել են առևտրականին

Առևտրով զբաղվող քաղաքացին պնդում է, որ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել, կոտրել են իրերն ու ապրանքը: 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սամվել Արշակյանը նշել է, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել դեկտեմբերի 16-ին։ Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում զբաղվում է միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով։ Համայնքային պաշտոնյաները եկել ու առգրավել են Սամվելի ապրանքը, որից հետո, ըստ իր պնդումների, ոստիկանության երկու ծառայող իրեն բռնության է ենթարկել։

«Ոստիկանությունն ապրանքս տանում էր, տոնս բարձրացրեցի, իրենք տանում էին դրան, որ տոնս բարձրացնեմ, որ միանգամից ջարդեն։ Մեկ էլ ոստիկաններից մեկը կնոջս մասին ասաց՝ լրբին ասա, թող ձենը կտրի, ասացի լիրբը քո կինն է։ Ինձ ասաց՝ արա էդ ձենդ բարձրացնում ես, ասացի դու ես ստիպում, մեկ էլ, թե բա սրան բերման ենթարկեք»,- ասում է Սամվելը և հավաստիացնում, թե իրեն նստեցրել են ոստիկաններին պատկանող քաղաքացիական ավտոմեքենան ու հայհոյանքերով ուղորդվող ծեծի ենթարկել:

ՆԳՆ-ն հարցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել:

«Դեկտեմբերի 16-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում առևտրով զբաղվող երկրորդ կարգի հաշմանդամ որդուն ոստիկանները ծեծի են ենթարկել, կոտրել են իրերն ու ապրանքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ահազանգից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից սկսվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին կատարած ստուգայցի ժամանակ հայտնաբերել են, որ նշված անձը զբաղվում է ապօրինի առևտրով: Վերջինս խոչընդոտել է վերոհիշյալ աշխատակիցների գործողություններին, ուստի հասարակական կարգ ապահովելու համար հրավիրվել են ոստիկանության ծառայողներ: Նա չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, մտել է բեռնատար ավտոմեքենայի տակ, խոչընդոտել ավտոմեքենայի տեղաշարժին, ուստի ենթարկվել է վարչական ձերբակալման և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից ուսումնասիրվել են նաև տեսագրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ