Երվանդ Քոչարի ստեղծագործությունները մեծ ազդեցություն ունեն ժամանակակից արվեստի վրա։ Նրա ժառանգությունը չի սահմանափակվում միայն նկարներով կամ քանդակներով. նա արվեստում խոսեց իր ուրույն, նոր լեզվով։ Քոչարի գաղափարները իր ժամանակների համար շատ նոր էին, և հաճախ նա կրկնում էր․ «Բոլոր արվեստագետները վախենում են ժամանակից, իսկ ինձ համար ժամանակը միակ հույսն է»։ Գրում է «Հետքը»:
Ինչքան էլ արվեստում ստեղծած ավանդը բացառիկ լինի, հաճախ մեծ վարպետների մահից հետո ժառանգներից է կախված լինում նրանց թողած ժառանգության պահպանությունը: 1979 թվականին 79 տարեկանում մահանում է Երվանդ Քոչարը՝ թողնելով մեծ հետք արվեստի պատմության մեջ և հսկայական ժառանգություն՝ քանդակներ, գեղանկարներ, գրաֆիկաներ։
Ամբողջը կտակում է կնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ իր վրա է վերցնում Մեծ վարպետի ժառանգության պահպանումն ու արվեստի տարածումը։ Նույն տարում կնոջ՝ Մանիկի ջանքերով Երվանդ Քոչարի արվեստանոցի տեղում հիմնվում է Քոչարի թանգարանը: Իսկ թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունենում 1984 թվականի հունիսի 22-ին։ Թանգարանի հիմնադիր Մանիկ Մկրտչյանը Երվանդ Քոչարի նկարները բաժանում է իր երկու որդիների՝ Հայկազի և Ռուբենի միջև։
Թանգարանի համալրման նպատակով Ռուբենը և Հայկազը իրենց բաժին նկարները ի պահ են տալիս թանգարանին՝ վերադարձնելու պայմանով։ Այս մասին վկայում է նաև փաստաթուղթը, որը կնքվել և ստորագրվել է 1984 թվականին թանգարանի կողմից։
Մանիկ Մկրտչյանի ցանկությամբ իր մահից հետո թանգարանի տնօրեն է նշանակվում ավագ որդու՝ Հայկազի կինը՝ Լալա Մարտիրոսյանը, ով օգնել էր Մանիկին թանգարանի հիմնադրման գործում։ Հետագայում Լալա Մարտիրոսյանի ջանքերով է թանգարանը կարողանում դիմակայել ծանր 90-ականներին․ այդ տարիներին նույնիսկ թանգարանը կողոպտելու փորձ է արվել։
Թանգարանի բացման օրվանից անցել է արդեն 40 տարի, այժմ թանգարանի տնօրենն է Լալա Մարտիրոսյանի և Հայկազ Քոչարի դուստրը՝ Կարինե Քոչարը։ Այս տարի նշվում է Երվանդ Քոչարի 125-ամյակը, Հայաստանում և արտերկրում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։
Հոբելյանական տարվա իրադարձություններից զատ, ուշադրության կենտրոնում են հայտնվել Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի և «Երվանդ Քոչար» թանգարանի միջև առկա լարված հարաբերությունները։ Պատճառը քառասուն տարի առաջ թանգարանին ի պահ տրված 21 գործն է։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ այդ նկարներից յոթը անհետացել են։ Իսկ թե որտե՞ղ են նկարները, թանգարանը չի մեկնաբանում։
Հիմք ընդունելով 1984 թվականին իր և թանգարանի միջև կնքված պայմանագիրը՝ Ռուբեն Քոչարը գրավոր դիմումով պահանջ է ներկայացնում թանգարանին՝ վերադարձնել իր սեփականությունը հանդիսացող նկարները։ Ըստ Ռուբեն Քոչարի՝ նկարները վերադարձնելու դիմումը գրել է մեկ նպատակով՝ պարզելու, թե որտե՞ղ են այդ գործերը։ Սակայն թանգարանը մերժում է Ռուբեն Քոչարին՝ պահանջելով ապացուցել, որ այդ գործերն իր սեփականությունն են։
Այս դեպքի վերաբերյալ 2024 թվականի փետրվարին Ռուբեն Քոչարը նամակ է գրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակի հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն «Հետքին» հայտնել է, որ գործով նախաքննությունը շարունակվում է։
«Հետք»-ը հարցում է կատարել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տեղեկանալու, թե ինչ պարբերականությամբ է ստուգվում թանգարանի ֆոնդի առկայությունը, և ստուգումների արդյունքում արդյոք հայտնաբերվե՞լ են պակասող նմուշներ։
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատասխանեց, որ ստուգումներ իրականացվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ: Քանի որ տարին հոբելյանական է, և թանգարանը ծանրաբեռնված է միջոցառումներով, 2024 թվականին նախատեսված ստուգումները կիրականացվեն 2025 թվականի հունվարին:
Նամակին կից նախարարությունը ուղարկել է «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը, որտեղից պարզ է դառնում, որ թանգարանի ֆոնդի ստուգումը իրականացնում է հենց թանգարանը՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը։ Ներկայացնում ենք «Երվանդ Քոչար» թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի պատասխանը․ «Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել ֆոնդի վեց ստուգում՝ 2000, 2010, 2013, 2016, 2019, 2021 թվականներին: Վերոնշյալ ստուգումների արդյունքում թանգարանի ֆոնդից թանգարանային որևէ առարկայի բացակայության վերաբերյալ փաստ չի արձանագրվել»։
Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել, թե որտե՞ղ են կոնկրետ այդ յոթ գործերը, փոխարենը տվեց ընդհանրական մեկնաբանություն իրավիճակի վերաբերյալ։ Ըստ Կարինե Քոչարի՝ այս վեճը ծագել է իր հոր՝ Հայկազ Քոչարի մահից հետո․ «Ինքը (Ռուբեն Քոչարը-խմբ․) իր եղբոր հետ բոլոր հարցերը քննարկել էր և չուներ որևէ տարաձայնություն այսքան տարիներ»,- նշում է Կարինե Քոչարը՝ հավելելով, որ չէր ուզի այս թեման քննարկվի հանրային հարթակներում, քանի որ պատվաբեր չէ Քոչար ընտանիքի համար։
«Նշեմ, որ ոչինչ չի անհետացել։ Այդ ժառանգությունը իրականում տնօրինել են երկու եղբայրները։ Եվ դրանց մի մասը պետության կողմից գնվել է, և գումարը փոխանցվել Ռուբեն Քոչարին, մի մասը տնօրինել է Հայկազ Քոչարը, և այսքան տարիների ընթացքում ընդհանրապես պապիկի ժառանգության հետ կապված որևէ տարաձայնություն երկու եղբայրների միջև չի եղել, և ինձ համար շատ ցավալի է։ Անչափ ցավալի է, որ այսօր Ռուբեն Քոչարը հանդես է գալիս նման հայտարարություններով։ Կարծում եմ, որ պետք է շատ պատասխանատու լինենք Քոչարի, Քոչարների ընտանիքի հեղինակությունը, անունը, պատիվը բարձր պահելու համար և փորձենք խուսափել նման անպատվաբեր գործունեությունից և հայտարարություններից»,- ասում է Կարինե Քոչարը։
Հասկանալու համար, թե որքանով է իրավաչափ Ռուբեն Քոչարի դիմումը թանգարանին՝ նկարները վերադարձնելու պահանջով և թե որքանով է իրավաչափ թանգարանի մերժումը, զրուցել ենք իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ, որը մեր տված տեղեկատվության հիման վրա մեկնաբանեց իրավիճակը օրենքի տեսանկյունից։
«Երվանդ Քոչարի տիկնոջն է անցել Քոչարի ամբողջ գույքը, այդ թվում՝ կերպարվեստի ստեղծագործությունները, և հատկապես, եթե նա իր մահից առաջ է կերպարվեստի ստեղծագործությունները բաժանել իր որդիների միջև, նշանակում է՝ մենք այստեղ գործ ունենք ոչ թե ժառանգման իրավահարաբերությունների, այլ սովորական սեփականության իրավունքի փոխանցման հետ»,- նշում է իրավաբանը։
Անդրադառնալով 1984 թվականին Ռուբեն Քոչարի կողմից թանգարանին տված գործերին և դրա վերաբերյալ կնքված պայմանագրին՝ Արփինե Հովհաննիսյանը նշում է․ «Ըստ էության՝ կնքվել է ստեղծագործությունների ցուցադրության իրավունքի փոխանցման պայմանագիր, որը կարող ես կնքել սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ, սա փաստ է։ Այս դեպքում, եթե թանգարանի մոտ կասկած կար, թե արդյոք նա (Ռուբեն Քոչարը-խմբ․) է սեփականատերը, թե՝ ոչ, ապա սեփականության իրավունքով իրեն պատկանելու հիմքերը պետք է պահանջվեին այդ ժամանակ։ Հիմա, եթե նույնիսկ նման վիճարկում է տեղի ունենում, ապա դա չի կարող տեղի ունենալ այն պայմաններում, երբ, օրինակ, կերպարվեստի ստեղծագործությունները թանգարանը պահում է իր մոտ և ասում է՝ բեր ինձ թուղթ, որ դա քեզ է պատկանում, այդ հարցը պետք է բարձրացվեր դեռևս 1984 թվականին»,- ասում է իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։
Մենք փորձեցինք հասկանալ՝ այդ 7 նկարի անհետացման ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել։ Ռուբեն Քոչարը հայտնեց, որ իր տեղեկություններով` նկարներից մեկը թանգարանը նվիրել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Այդ մասին նա տեղեկացել է թանգարանից։
Նկարներից մյուսն էլ Երվանդ Քոչարի ազգականներից մեկը տեսել է Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում։ Մենք կապ հաստատեցինք այնտեղի թեմի հետ, որտեղից հաստատեցին, որ իրենց մոտ Երվանդ Քոչարի 4 գործ է ցուցադրված։
Նկարների համադրումից պարզ դարձավ, որ դրանցից երեքը՝ ներառյալ Ռուբեն Քոչարի անհետացած գործերից մեկը, Երվանդ Քոչարի թանգարանի հավաքածուից է։ Այդ նկարները հիմա էլ կան թանգարանի կայքէջի համապատասխան բաժնում։ Մենք պարզեցինք, որ Մոսկվայում գտնվող թանգարանին այդ գործերը 2020 թվականին նվիրել է մոսկվաբնակ գործարար Էմիլ Սարգսյանը, որը բանաստեղծ Սարմենի որդին է և հայտնի է որպես քրեական հեղինակություն։
Նա եղել է նաև մեծ կոլեկցիոներ և թանգարանին ընդհանուր 40 գործ է նվիրել։ Նվիրաբերելուց կարճ ժամանակ անց՝ նույն տարում, Էմիլ Սարգսյանը մահացել է։ Փորձեցինք կապ հաստատել Էմիլ Սարգսյանի որդու հետ՝ պարզելու, թե ե՞րբ և ումի՞ց է իր հայրը Երվանդ Քոչարի գործերը ձեռք բերել։ Սակայն նա չցանկացավ մեզ որևէ մեկնաբանություն տալ։
Ժառանգների միջև անձնական և իրավական վեճերի ելքը դեռևս անհայտ է։ Սակայն Երվանդ Քոչարի ժառանգության պահպանումը ժամանակի հրամայականն է, ժամանակի, որը Երվանդ Քոչարի միակ հույսն էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը