Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը:
Կայքի տեղեկություններով՝ Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է, իսկ չարագործները Վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել այնտեղ, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով, հափշտակել են հավաքված հանգանակության գումարը: Նրանք նաեւ երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ:
Դրանից հետո նրանք լինգով բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը